Բաքուն ոչնչացրել է Խնածախի հայկական հուշարձանները

Բաքուն ոչնչացրել է Խնածախի հայկական հուշարձանները

19 մարտի 2026 – 15:22 AMT

PanARMENIAN.NetԱդրբեջանական կողմը ոչնչացրել է Արցածի Խնածախ գյուղում տեղակայված՝ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններն ու շիրիմները։

2025 թվականին ադրբեջանական կողմը վերաբնակեցրել է Խնածախ գյուղը՝ տարածելով լուսանկարներ, որոնք փաստում են դա, հայտնում է Monument Watch-ը:

Դեռևս 2025 թվականի հուլիսին ադրբեջանական կողմը ոչնչացրել է գյուղում տեղադրված Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները, ինչպես նաև Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղի պաշտպանների շիրիմները, որոնք գտնվել են նույն տարածքում։ Արձանագրվել է, որ ոչ միայն վերացվել է հուշարձանը, այլև իրականացվել են լայնածավալ հողային աշխատանքներ, ինչը հստակ երևացել է 2023 թվականի արբանյակային պատկերների հետ համեմատության արդյունքում։ Ոչնչացված հուշարձանի տեղում տեղադրվել է գյուղի համար ստեղծված ադրբեջանական անվան՝ (Xanyurdu kəndi) ցուցանակը։

Նշվում է, որ Հայրենական Մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանների ոչնչացումը հակասում է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածին և դրա 1999 թվականին ընդունված Երկրորդ արձանագրությանը։ Նշվել է նաև, որ խախտվել են Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի պարտադիր որոշումները, որոնցով Ադրբեջանը պարտավորվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված վանդալիզմն ու պղծումը՝ ներառյալ եկեղեցիները, պաշտամունքի վայրերը, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանատները և արտեֆակտները։

Հուշարձանի ոչնչացումը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոններին։

Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է՝ մշակութային արժեքների պաշտպանության նորմերը ունեն միջազգային սովորութային իրավունքի կարգավիճակ և պարտադիր են բոլոր պետությունների համար։ ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ 2003 թվականին ընդունված «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին» հռչակագիրը արգելել է մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը։

Leave a Comment