
Հոկտեմբերի 6-ից 8-ը Իտալիայի Միլան քաղաքում՝ Fiera Milano ցուցահանդեսային համալիրում, կկայանա դեղագործական ոլորտի աշխարհի խոշորագույն «CPHI Milan» միջազգային ցուցահանդեսը։
Այս տարի Հայաստանի Հանրապետությունը ցուցահանդեսին կմասնակցի ազգային տաղավարով՝ արդեն երրորդ անգամ։
«CPHI Milan»-ը համաշխարհային հարթակ է, որը միավորում է դեղագործական մատակարարման ողջ շղթայի ներկայացուցիչներին։ Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 2400 ընկերություն և շուրջ 62,000 մասնագետ աշխարհի 160 երկրներից։ Միջոցառման շրջանակում ներկայացվում են դեղագործական հումք (APIs), պատրաստի դեղաչափեր, փաթեթավորման լուծումներ, ինչպես նաև ոլորտի նորագույն տեխնոլոգիաներ և սարքավորումներ։
Մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում։ Նշվում է, որ ճանապարհածախսն ու կեցության ծախսերը հոգում են մասնակիցները։
Միջոցառմանը մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են գրանցվել մինչև ապրիլի 10-ը՝ ժամը 18:00-ն։