Սահմանադրության փոփոխությունն արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու. Փաշինյան




 

1lurer. Անկախության հռչակագրի խնդիրը, մեր Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետև դա անհրաժեշտ է մեզ, ոչ թե ուրիշներին, աշխարհում ճիշտ դիրքավորելու համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու շուրջ քննարկումներին:


 


«Դա ոչ թե անկախության հռչակագիր է, այլ կոնֆլիկտի հռչակագիր է, և արդյունքում՝ կախվածության հռչակագիր է:


 


Պատկերացրեք՝ դուք տեղափոխվել ենք նոր բնակարան, ապրում եք մի ընդհանուր հարթակում և սպառնում եք ձեր և՛ դիմացի, և՛ կողքի, և՛ հետևի, և՛ մյուս կողքի հարևաններին՝ այդպիսով հռչակելով նաև անկախություն:


 


Սա ի՞նչ է նշանակում, ո՞նց եք սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում: Միայն ու միայն արտաքին օգնությամբ, այսինքն՝ միայն ու միայն արտաքին օգնություն ակնկալելով: Իսկ արտաքին օգնություն ակնկալելը ձեզ դնելու է շարունակաբար մեծացող, ահագնացող կախվածության մեջ նրանից կամ նրանցից, ումից այդ օգնությունն ակնկալում եք:


 


Հետևաբար Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է»,- ասաց նա:


 


Փաշինյանը նաև չբացառեց՝ առաջիկայում գուցե Սահմանադրության տեքստի վերլուծությամբ ցույց տա, թե ինչու է Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր:


 


«Էլի ուզում եմ ասել, որ նոր Սահմանադրությունը և այս խոսակցությունը մեզ է պետք. դա մեր ներքին օրակարգի հարցն է: Մենք դա արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու: Մենք դա քննարկում ենք մեր ժողովրդի հետ»,- ասաց նա:


 


 


Հեղինակ`Լուսինե Մուրադյան


 


 


Leave a Comment