Կառավարությունը ոսկու արտադրանքով զբաղվողների ու վերավաճառողների համար կսահմանի հարկման տարբեր պայմաններ։ Որոշումն ընդունվել է կառավարության մարտի 19-ի նիստի ժամանակ։
Ինչպես հարցի զեկուցման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննսյանը, ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր արտադրողների համար ԱԱՀ-ն սահմանվում է օտարման գնի ու դրա արտադրության համար օգտագործված հումքի ձեռքբերման գնի դրական տարբերությունից։
«Եթե արտադրողը ոսկյա զարդը վաճառել է 100 միավորով և եթե այդ զարդի պատրաստման համար ունի 60 միավորի չափով ոսկու և 25 միավորի չափով ադամանդի փաստաթղթավորված ծախս, ապա ԱԱՀ-ն ոչ թե 100, այլ 15 միավորի հաշվարկով պետք է վճարի՝ 100-60-25=15 միավոր»,- նշել է նախարարը։
Ինչ վերաբերվում է վերավաճառողներին, ապա նրանք այսուհետ պետք է ԱԱՀ վճարեն իրենց ավելացրած արժեքի համար։ Օրինակ, եթե 100 միավոր արժողությամբ ոսկյա զարդը վաճառում է 120 միավորով, ապա ԱԱՀ-ն պետք է վճարի 20 միավորի հաշվարկով, պարզաբանել է Հովհաննիսյանը։
Նախարարը հարցի կարևորությունը բացատրել է նրանով, որ ՀՀ-ում թանկարժեք մետաղների և քարերի օտարումն ազատված է ԱԱՀ-ից, իսկ նույն նյութերից պատրաստված ոսկերչական զարդերի օտարումը հարկվում է ԱԱՀ-ով։ Ըստ նրա՝ ստացվում է, որ ամեն անգամ վերաձուլվելով ու վերավաճառվելով՝ ոսկին ավելի ու ավելի է թանկանում, թեև հումքը նույնն է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, ասել է, որ «նախագիծը ոսկերիչներին պետք է օգնի հարստանալ և հարստացնել»։ Նա նշել է, որ բազմաթիվ բողոքի ակցիաներ, քննարկումներ ու վեճեր են ունեցել ոլորտի կարգավորման համար։ Ըստ նրա՝ կառավարությունը ցանկացել է հասկանալ, թե ի՞նչ լրացուցիչ խնդիրներ կան ոսկեգործության դաշտում, որոնք խանգարում են զարգացմանը։ Այժմ լուծումը, ըստ նրա, գտնվել է։
«Պետք է արագ ընդունել, որովհետև տուրիստական սեզոնը հիմա ակտիվանում է։ Մեր ոսկերչական արտադրանքի մրցունակությունը ներմուծվողի համեմատ կբարձրանա»,- շեշտել է նա։
Մարտի 2-ին հայտնել էինք, որ ոսկու գները բարձրացել են Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո: Մարտի 2-ին Չիկագոյի ապրանքային բորսայում (CME) ոսկու ֆյուչերսները բարձրացել էին 2,88%-ով՝ հասնելով 5400 դոլարի մեկ ունցիայի համար: Հայաստանում մեկ գրամ ոսկին կարելի է գնել 55-60 հազար դրամով:
2025 թվականի հունիսին Eurasianet-ը գրել էր, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է 2025 թվականի առաջին չորս ամիսներին, երբ Մոսկվան փոխել է ռուսական թանկարժեք քարերի և մետաղների ներմուծման և արտահանման կանոնները Երևանի միջոցով։
Կարդացեք նաև՝
«Շատ է թանկացել» և «առևտուր չկա». գնորդներն ու վաճառողները՝ ոսկու գների մասին
«Պետք է փաստաթղթավորենք մեր ապրանքը»․ Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան
