HSBC-ի վրա հարձակման գործով ոստիկանության գնդապետի ցմահ ազատազրկումը մտել է օրինական ուժի մեջ

HSBC-ի վրա հարձակման գործով ոստիկանության գնդապետի ցմահ ազատազրկումը մտել է օրինական ուժի մեջ

18 մարտի 2026 – 18:54 AMT

PanARMENIAN.NetHSBC բանկի Կոմիտասի պողոտայի մասնաճյուղի վրա տեղի ունեցած ավազակային հարձակման գործով դատավճիռը դեպքից ութ տարի անց մտել է օրինական ուժի մեջ։ Գործով մեղադրյալ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից հայտնի է դարձել, որ Վճռաբեկ դատարանը 2026 թվականի փետրվարին մերժել է Դանիել Դանիելյանի բողոքը վարույթ ընդունել, ինչի արդյունքում նրա նկատմամբ կայացված ցմահ ազատազրկման դատավճիռը վերջնականապես ուժի մեջ է մտել, հայտնում է Factor.am-ը:

2018 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ավազակային հարձակում էր տեղի ունեցել «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի Կոմիտասի պողոտայի մասնաճյուղի վրա։

Հարձակման հետևանքով սպանվել էին բանկի անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանը և տարածքում ծառայություն իրականացնող ՊՊԾ ոստիկան Արա Շախբուլյանը։ Բանկի անվտանգության մեկ այլ աշխատակից՝ Արամ Մկրտչյանը, հրազենային վիրավորում էր ստացել։

Ըստ մեղադրանքի՝ ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը ծրագրել էր ավազակային հարձակում գործել բանկի մասնաճյուղի վրա՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումար՝ մոտ 500 հազար ԱՄՆ դոլար։

Նա դիմակավորված և զինված վիճակում ապօրինի մուտք էր գործել բանկի մասնաճյուղ, կրակոց արձակել և սպառնալիքների միջոցով պահանջել հանձնել բանկում առկա գումարը։

Մեղադրանքի համաձայն՝ բանկի պահնորդ Խաչատուր Գալստյանի դիմադրությունը հաղթահարելու նպատակով Դանիելյանը կրակել էր նրա կրծքավանդակի հատվածին՝ մահացու վիրավորելով նրան։ Այնուհետև նա փորձել էր սպանել նաև անվտանգության աշխատակից Արամ Մկրտչյանին, սակայն վերջինիս հաջողվել էր խուսափել մահից։

Դրանից հետո բանկի աշխատակիցը ստիպված էր եղել հարձակվողին փոխանցել մասնաճյուղում եղած տարբեր արժույթներով գումարները, որոնք Դանիելյանը վերցրել էր և դիմել փախուստի։

Leave a Comment