Ռուսաստանյան Ուրալն այլևս ապահով թիկունք չէ •

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհուրդը Եկատերինբուրգում արտագնա նիստ է գումարել:

Ինչպես փոխանցել են ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցները, ԱԽ քարտուղար, ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն նիստին ելույթում հայտարարել է, որ «այժմ Ռուսաստանի ոչ մի տարածաշրջան ուկրաինական հարվածներից ապահովագրված» չէ:

Մի քանի տարի առաջ Ուրալյան դաշնային օկրուգը համարվում էր «խոր և ապահով թիկունք», այժմ վտանգավոր են ճանաչվել ոչ միայն Սվերդլովսկի, այլև Օրենբուրգի մարզը, Պերմի երկրամասը և Բաշկորտոստանը:

«Նեզավիսիմայա գազետան» արձանագրել է, որ Ուրալյան դաշնային օկրուգում «տեղաբաշխված է երկրի ռազմաարդյունաբերական համալիրի խոշոր ձեռնարկությունների գրեթե կեսը»:

Հասկանալի է, թե այդ ձևակերպման տակ ինչ է նկատի առնված, եթե մինչև վերջերս վստահություն կար, որ Ռուսաստանի կենտրոնական և հարավային շրջաններում խնդիրներ ունենալու դեպքում պատերազմող բանակի կարիքները կհոգան ուրալյան ձեռնարկությունները, ապա տարեսզբից իրավիճակ է փոխվել:

Ուկրաինան մտադիր է Ռուսաստանի դեմ արձակվող դրոնների քանակը հասցնել օրվա մեջ հինգ հարյուրի: Ուկրաինան միաժամանակ հայտարարել է սեփական արտադրության նոր բալիստիկ հրթիռների կիրառման մասին:

Ըստ տեղեկությունների, դրանց հեռահարությունը հասնում է մինչև երեք հազար կիլոմետրի: Այսպիսով Ուկրաինան դրոնային և հրթիռային հարվածների գոտի է հայտարարել ամբողջ եվրոպական Ռուսաստանի տարածքը:

Անվտանգության խորհրդի արտագնա նիստը բացի քաղաքականից, ունի նաև լուրջ հոգեբանական նշանակություն: Ռուսաստանում Ուկրաինայի դեմ պատերազմը քարոզչական մակարդակում նույնականացվում է Մեծ հայրենականին, իսկ այդ մասին պատմական իշխող ընկալումն այն է, որ խորհրդային ռազմաարդյունաբերական համալիրքը հաջողվել է տեղափոխել Ուրալ և վերականգնել սպառազինությունների և մարտական տեխնիկայի արտադրությունը:

Այդ պատերազմից ութսուն տարի հետո ռուսաստանյան Ուրալն այլևս ապահով թիկունք չէ: Իսկ դա նշանակում է, որ խոշոր հաշվով Ուկրաինայի դեմ պատերազմի չորս տարիները միայն թուլացրել են Ռուսաստանի անվտանգությունը, նրա տարածքի մի շատ զգալի մասը դարձրել ավելի խոցելի, քան մինչև «հատուկ ռազմական գործողության» մեկնարկն էր:

Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբն, իհարկե, շարունակում է «հաղթական զեկույցներ» հրապարակել, բայց ռազմաճակատային գծում էական փոփոխություններ չկան: Ավելին, ուկրաինական ուժերը որոշակի հաջողության են հասել Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերում:

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումը քաղաքական օրակարգում երկրորդ պլան է մղել ուկրաինական կարգավորման թեման: Հայտնի չէ, թե երբ և ինչ կետից կվերսկսվեն բանակցությունները:

Փոխարենը Ուկրաինան ներգրավվել է իրանական պատերազմում և հակադրոնային պայքարի միջոցներ է տրամադրել Պարսից ծոցի արաբական երկրներին: Դա պաշտոնական Կիևի համար քաղաքական զգալի կապիտալ է:

Leave a Comment