Միայն փետրվարին ՀԷՑ-ը խնայել է 68 մլն դրամ․ Պետրոսյան

Միայն փետրվարին ՀԷՑ-ը խնայել է 68 մլն դրամ․ Պետրոսյան

ՀԷՑ-ի սեփական կարիքների համար (վարչական շենքեր և հատուկ շենք-շինություններ) 2025 թվականի հունվար ամսին դուրս է գրվել շուրջ 2,8 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա, իսկ այս տարի հունվար ամսին նույն նպատակով սպառվել է մոտ 1,97 մլն կՎտ. ժամ, այսինքն՝ ավելի քան 800.000 կՎտ. ժամ պակաս քանակի, քան անցյալ տարի։ Այս մասին գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ 

«Արդյունքում՝ ՀԷՑ-ը խնայել է միայն այս հունվարին մոտ 40 մլն դրամ ֆինանսական միջոցներ, ընդ որում՝ սպառման համակարգում որևէ փոփոխություն/սպառման կրճատում տեղի չի ունեցել։ Ենթադրաբար, այդ քանակի էլ.էներգիա նախկինում հավելագրվել է միայն վարչական շենքերում սեփական կարիքների հաշվառման հաշվիչներին՝ բաշխման ցանցում տեխնիկական կորուստների թվային «նվազեցման» նպատակով։

Ավելի խոսուն պատկեր ունենք փետրվար ամսվա կտրվածքով. 2025թ. փետրվարի ծախսը սեփական կարիքների համար կազմել է շուրջ 2,76 մլն կՎտ. ժամ, իսկ այս տարվա փետրվարի ցուցանիշը կազմում է ընդամենը 1,4 մլն կՎտ. ժամ սպառում. անցյալ տարվանից ավելի քան 1,36 մլն կՎտ. ժամով պակաս, ինչը ենթադրում է շուրջ 68 մլն դրամ խնայված միջոցներ։

Այսպիսով՝ ամսական նվազագույնը 50 մլն դրամ կամ նույնն է՝ տարեկան ավելի քան 600 մլն դրամ խնայողություն կունենանք միայն ՀԷՑ-ի սեփական կարիքներին ուղղված էլ.էներգիայի սպառման ծավալներից, որը կուղղվի ցանցում հրատապ միջամտության կարիք ունեցող մի շարք խնդիրների լուծմանը»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment