Իրանում և ՌԴ-ում՝ առանց ինտերնետային կապի․ ովքե՞ր են «վճարում» համցանցային սահմանափակումների գինը

Ռուսաստանում և Իրանում համացանցային սահմանափակումները միլիոնավոր մարդկանց դժվարությունների առաջ են կանգնեցրել։ Հարազատների, ընկերների հետ կապ հաստատելու անհնարինության պատճառով մարդիկ տեղեկատվական վակուումի մեջ են հայտնվել։

«Ռադիոլուր»-ը զրուցել է նրանց հետ, որոնց առօրյան այսօր սկսվում և ավարտվում է կապի այլընտրանքային ու հաճախ անհարմար միջոցներ փնտրելով։

Արդեն մեկ շաբաթից ավելի Մոսկվայում բջջային ինտերնետը հասանելի չէ։ Պաշտոնական հիմնավորմամբ՝ պատճառն անվտանգային նկատառումներն են, սակայն փորձագետները կասկածներ ունեն, որ սահմանափակումների նպատակը տեղեկատվական վերահսկողությունը մեծացնելն է։

Սահմանափակումների ազդեցությունը զգում են նաև Հայաստանում․ մարդիկ չեն կարողանում կապ հաստատել Ռուսաստանում բնակվող իրենց հարազատների հետ․ հաղորդագրությունները չեն հասնում հասցեատերերին, զանգերն ընդհատվում են կամ ընդհանրապես կապ հաստատել հնարավոր չի լինում։

Տաթևիկ Խաչատրյանը, որ հաճախ է զանգում ՌԴ-ում ապրող իր հարազատներին, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է՝ օրեցօր նրանց հետ կապ հաստատելն ավելի դժվար է դառնում։

«Քանի որ բոլոր սոցկայքերն ու մեսինջերները միանգամից չեն փակվել, այլ կամաց-կամաց, այսպես գնալով քչացել են շփման հնարավոր եղանակները։ Հիմա արդեն եկել հասել է նրան, որ եթե ուզում ես խոսել որևէ հարազատի հետ, ապա ստիպված ես օգտվելու իրենց առաջարկած մեսինջերներից ու կապի միջոցներից»։

Տաթևիկն ասում է, որ ամեն նոր սահմանափակում ավելի է բարդացնում այլընտրանք գտնելը։

«Տևական ժամանակ է՝ ես օգտվում եմ IMO կոչվող հավելվածից, որը շատ անհարմար ու գովազդներով լի հարթակ է։ Մինչև այդ WhatsApp-ով էի կապ հաստատում, դե քանի որ WhatsApp-ն էլ էին փակել։ Իսկ հիմա, ոնց հասկացա, նաև Telegram-ն են փակել։ Իրականում շատ դժվար է, որովհետև որոշ բաներ աշխատում են VPN-ը միացրած տարբերակով, մի քանիսը պահանջում են VPN-ի անջատում»։

Տաթևիկ Խաչատրյանն ասում է՝ ՌԴ-ում մարդիկ ավելի հեշտ են հաղորդակցվում, քանի որ օգտագործում են տեղական MAX  հավելվածը, բայց երբ ցանկանում են կապ ունենալ այլ երկրում ապրողների հետ, լուրջ խնդիրների են բախվում։

Համացանցային «զտումները» Ռուսաստանում սկսվեցին դեռ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկին, երբ արգելափակվեցին X-ը (Twitter)-ը, Facebook-ը և Instagram-ը: Հետո հերթը հասավ WhatsApp-ին ու Telegram-ին։ Իշխանություններն այս քայլերը հիմնավորում են ուկրաինական անօդաչուների հարձակումներից պաշտպանվելու անհրաժեշտությամբ, փորձագետները, սակայն, կասկածներ են հայտնում տեղեկատվական վերահսկողության կապակցությամբ։

Համացանցի մասնակի կամ ամբողջական սահմանափակումներով սովորաբար ուղեկցվում են պատերազմական շրջանները։ Պետություններն այդ քայլին դիմում են, ինչպես իրենք են բացատրում, հասարակության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այդ իրավիճակն է նաև հարևան Իրանում, որտեղ ռազմական գործողությունները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։

Իրանում պատերազմի հետևանքով անջատված ինտերնետի պատճառով Սվետլանա Թորոսյանն արդեն մի քանի օր չի կարողանում կապ հաստատել ընկերուհու հետ։

«Փետրվարի 28-ից երկու օր առաջ ես կարողանում էի իր հետ խոսել։ Թեկուզ ինքը նամակը գրում էր առավոտ, նամակն ինձ էր հասնում գիշերը, և հակառակը։ Այնուամենայնիվ իրար հետ կապի էինք դուրս գալիս։ Հիմա, ենթադրում եմ, ինտերնետ բացարձակապես չկա, որովհետև իմ գրածներն արդեն տեղ չեն  հասնում, զանգում են, նույնիսկ զանգ չի գնում»։

Կապի միջոցների համատարած բացակայությունը Սվետլանա Թորոսյանին ստիպում է մտածելու տարբեր պատճառներիի մասին։ Գուցե իշխանություններն են անջատել ինտերնետն ամբողջ երկրում, որ զերծ մնան տեղեկության արտահոսքից, գուցե ավիահարվածների հետևանքով ենթակառուցվածքներ են խափանվել։

«Բայց փաստը մնում է փաստ, որ շփման մեկ այլ կամ տեղեկություն ստանալու այլընտրանքային տարբերակ չկա»:

Պատերազմող երկրներում համցանցային սահմանափակումները, որոնք մատուցվում են որպես «անվտանգության վահան», իրականում դառնում են անանցանելի պատ՝ մարդկանց ու նրանց հարազատների միջև՝ եզրահանգում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։

Նրա խոսքով՝ թվային մեկուսացման ամենաբարձր գինը վճարում են ոչ թե պետությունները, այլ հասարակ մարդիկ, որոնց առօրյան կախված է կապի հասանելի միջոցներից։

Leave a Comment