Իսրայելը Լիբանանի հարավի բնակիչներին նախազգուշացրել է կամուրջների ռմբակոծման մասին

Իսրայելի զինվորականները նախազգուշացրել են, որ առաջիկա ժամերին կսկսեն օդից ռմբակոծել Լիբանանի հարավում գտնվող Լիտան գետով անցնող կամուրջները:

Այս մասին գրում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակ Ավիչայ Ադրայի ուղերձը Լիբանանի բնակիչներին։

«Ձեր անվտանգության համար շարունակեք շարժվել Զահրանի գետի հյուսիսային գոտի և զերծ մնացեք հարավ անցնելուց, ինչը կարող է վտանգի ենթարկել ձեր կյանքը, – հայտարարել է նա։ – Օգնական ուժերի և ռազմական հանդերձանքի տեղափոխումը կանխելու նպատակով ԻՊԲ-ն մտադիր է ցերեկը գրոհել Լիտան գետի վրայով անցնող կամուրջների վրա»։

Զինվորականների գնահատումների համաձայն՝ «Հեզբոլլահ»-ի էլիտար ռազմականացված ստորաբաժանման՝ «Ալ Հաջի Ռադվանի ուժերի» ավելի քան 1000 մարտիկ անցել է Լիտան գետը՝ դիմակայելու ԻՊԲ-ին, որը շարունակում է իր ցամաքային գործողությունը Լիբանանի հարավում։

Անցյալ շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել այս գետի վրայով անցնող մի կամրջի՝ նշելով, որ այն գտնվում է «Հեզբոլլահ»-ի ուժերի՝ հյուսիսից հարավ տեղաշարժի հանգուցային երթուղու վրա։

Leave a Comment