Մերձավոր Արևելքի երկրներում ապրող հայերը, հաշվի առնելով տարածաշրջանում պարբերաբար ծագող հակամարտությունները, կարևորում են հայրենադարձության լուրջ ծրագրերի անհրաժեշտությունը։ Ընդգծելով նման քաղաքականության բացակայությունը, ասում են, որ անգամ անվճար ավիատոմսերը չեն գայթակղում, օրինակ, լիբանանահայերին՝ մեկնելու և հաստատվելու Հայաստանում։ Իսկ սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը կարծում է, որ Հայաստանում մեծ աշխատանք է կատարվում այլ երկրներում ապրող հայ երիտասարդներին հայաստանյան իրականության մեջ ներգրավելու ուղղությամբ։
Իրանում ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակում հրատապ է դարձել իրանահայերի ու Մերձավոր Արևելքի երկրներում բնակվող հայերի անվտանգության հարցը։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վստահեցնում է, որ դեպի Հայաստան իրանահայերի արտառոց հոսք չկա, և հնարավորության սահմաններում կապ է պահպանվում հայ համայնքի հետ։
«Որևէ կոնկրետ տվյալ չունենք, թե քանիսն են եկել իրանահայերից այս օրերին Հայաստան: Բայց իրանահայերի դեպի Հայաստան որևէ արտառոց հոսք, որը տարբերվում է նախորդ ժամանակահատվածներից, չունենք: Որպես այդպիսին իրանահայերի փախուստ կամ շարժ դեպի Հայաստան չկա։ Մարդիկ տներում են, զգույշ, փորձում են վտանգավոր վայրերից հեռու մնալ, տներում են, հույս ունեն, որ շուտով այս ամենը կվերջանա։ Խոսք կար, որ թեթև վիրավորներ կան՝ երկու հոգի, սակայն շատ դժվար է այդ ամենը հաստատելը։
Հաճախ ասում են, բայց երբ այդ տեղեկությունների հետևից գնում ենք ու փորձում ենք հաստատել, պարզվում է, որ կա՛մ չի եղել, կա՛մ հաստատված չէ»։
Պատերազմի ընթացքում «Ռադիոլուր»-ը պարբերաբար կապվել է ռազմական գործողություններին մոտ վայրերի հայկական կառույցների ներկայացուցիչների հետ։

Լիբանանում լույս տեսնող «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը կարծում է, որ հայրենադարձության ռազմավարության կարիք կա, քանի որ վերջին տարիներին տարբեր թեժ կետերում հայերը ստիպված են լինում լքելու իրենց երկիրը, սակայն ուշագրավ է, որ չեն ցանկանում մնալ Հայաստանում։
«Կարծում եմ, որ հայրենադարձության լուրջ ռազմավարությունը ահագին արդեն ուշ է Հայաստանի պետության համար, որ ոչ միայն այս ներկա իշխանության տարիներում զլացած է, այլ վերջին 30, 35 տարին։ Այսինքն՝ անկախությունից ի վեր լուրջ ռազմավարություն չկար սփյուռքի հայությունը Հայաստան բերելու, վերաբնակացնելու հարցում, և այդպիսով դատարկվեց ամբողջ Մերձավոր Արևելքը․ հողմերի հետ յուրաքանչյուրը գնաց որևէ տեղ, որը, սակայն, անպայմանորեն Հայաստանը չէր։ Այդպես 1 մլն հայություն կորավ, և չեն կարող ասել, թե այդ մարդիկ ուր են։ Մի քանի սերունդ հետո նրանք կդադարեն հայ լինելուց, բայց եթե նման, օրինակ, ռազմավարություն լիներ, միայն պատերազմական օրերի ընթացքում, կարծում եմ, որ բավական մեծ թվով հայեր Հայաստան վերադարձած կլինեին»։
Սևակ Հակոբյանը համոզված է որ 1 մլն հայերին Հայաստան բերելը փոխշահավետ կարող էր լինել․ և՛ երկրի զարգացում կխթաներ, և՛ նրանց ապահովության հարցը կլուծեր։ Նա ընդգծում է, որ այդ մեկ միլիոնը կարող և ունակ մարդիկ են, որոնք այլ երկրներ գնացին։ Թեժ իրավիճակներում շատ հայեր, իհարկե, փորձել են գալ ու հաստատվել Հայաստանում, սակայն, որոշ պայմաններից ելնելով, կրկին հեռացել են և այլ երկրներում հաստատվել՝ ասում է Սևակ Հակոբյանը․
«Այդ մարդկանց մեծ մասը մեկ անգամ եկել է Հայաստան ու կրկին վերադարձել․ երիտասարդության հետ կապված ծրագրերով են եկել։ Հայաստանում՝ մշակութային տարբերության, վարձերի սղության, տեղի հայերից, այսպես ասենք, շահագործվելու հարցերում այդ բոլորը մատները այրած վերադարձել են Լիբանան, և այնտեղ լավ արձագանք չեն գտել նրանց նկատմամաբ վերաբերմունքի, Հայաստանի մեջ իրենց դիմավորելու պատրաստակամության մասին լուրերը»:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, սակայն, համոզված է, որ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը արդյունավետ է։ Նա փաստում է, որ հայրենադարձության կենտրոն 2005 դիմում է ստացվել։ Ճիշտ է՝ առայժմ ամբողջացված չէ, թե դրանք ինչ հարցերով են, բայց պարզաբանում կարվի։
«Երիտասարդների հետ աշխատանքը շատ ավելի արդյունավետ է և շատ ավելի պետականությանը նպաստելու միտում ունի: Դա հստակ է, դա բացահայտ է, որովհետև իրենք չեն տառապում այդ անցյալ, չգիտեմ, կոմպլեքսներով և շատ ավելի իրատեսորեն են նայում Հայաստանի այսօրվան և վաղվան, և իրոք չեմ կարող գովեստի խոսքեր չասել «Երիտասարդ դեսպան» ծրագրին, որովհետև սկսելուց չէինք պատկերացնում, որ այդքան արդյունավետ կլինի։ Եթե համայնքում կան հին կառույցներ, որոնք չեն ուզում հաշտվել Հայաստանի այսօրվա իրականությանը և փորձում են նույնիսկ խոչընդոտել, ցավոք, պետական աշխատանքները, ապա մեր երիտասարդների հետ մենք որևէ նման խնդիր չունենք»։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ասում է, որ շատերն էլ Հայաստան են գալիս գործի բերումով և մնում են։ Սա ևս հայրենադարձության բաղադրիչ ունի։ Բայց նաև կարծում է, որ 100 տոկոսանոց հայրենադարձություն չի կարող լինել, քանի որ այլ երկրներում աշխատանք, տուն և ընտանիք ունեցողի համար հաճախ դժվար է գալ ու հաստատվել Հայաստանում։