2025 թվականի հունիսից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետը, նույն բաժնի գլխավոր մասնագետ-հողաշինարարը և գլխավոր մասնագետ-ճարտարապետը, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները նախնական համաձայնությամբ, գործելով խմբի կազմում ապօրինի գործողություններ իրականացնելու համար քաղաքացիներից պահանջել և ստացել են 20․000-ից մինչև 150․000 դրամ կաշառք՝ համայնքապետարանում համապատասխան փաստաթղթաշրջանառությունը կազմակերպելու, կեղծ չափագրման տվյալներ կազմելու և դրանք հաստատման ներկայացնելու համար, որպեսզի քաղաքացիները ձեռք բերեն սեփականության իրավունք։ Հանցավոր գործողությունների արդյունքում ստացված գումարի չափը կազմել է մոտ 500․000-1․000․000 ՀՀ դրամ։ Գործը քննել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչ Էդուարդ Ծառուկյանը։