ՀԱԷԿ-ի աշխատանքը կերկարաձգվի ևս 10 տարով․ ծրագիրը կմեկնարկի մի քանի օրից

Հայաստանում նոր ատոմակայան պետք է կառուցվի մինչև 2036 թվականը։ Այն լինելու է մոդուլային։ Թե որ ընկերությանն է տրվելու շինարարության նախապատվությունը, այս պահին դեռ հստակ չէ։ Մինչև այդ դեռևս կգործի ՀԱԷԿ-ի հին էներգաբլոկը։ Բայց առաջիկայում այն պետք անջատվի համակարգից՝ այս անգամ սովորականից ավելի երկար ժամանակով։ 2021–ին ատոմակայանը վերազինման համար դադարեցրել էր աշխատանքը 156 օր։

Մի քանի օր հետո կմեկնարկի Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու ծրագիրը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ասում է, որ ծրագրի իրագործման համար շուրջ 63 մլրդ դրամ է հատկացվել․

«Ընթացքի մեջ է Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման առաջին ծրագիրը՝ մինչև 2026 թվականը (2016–ին հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացվել էր 10 տարով՝ խմբ․)։ Ընդամենը օրեր անց կմեկնարկի շահագործման ժամկետի երկարացման երկրորդ ծրագիրը, ինչը ենթադրում է ատոմակայանի ժամկետի երկարացում ևս 10 տարով»։

Առաջիկայում, վերազինման համար, ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի հինգ ամսով։ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն արձանագրում է․

«Ատոմակայանը էժան էլեկտրաէներգիայի աղբյուր է երբ որ չի աշխատում, ինքնաբերաբար բացասական ազդեցություն է ունենում ընդհանուր սակագնի վրա։ Բայց քանի որ ունենք այլ կետերով ձևավորված օգուտներ ու ֆինանսական բարձիկներ, կփորձենք դրանցով մեղմել»։

2024–ի վերջին կառավարությունը փակ բաժնետիրական ընկերություն ստեղծեց։ Այն ատոմակայանի մոդելի ընտրության հարցում խորհրդատվական ծառայություն է մատուցում կառավարությանը: Ո՞ր տարբերակը կընտրվի՝ ռուսակա՞ն, ամերիկյա՞ն, ֆրանսիակա՞ն, թե՞ կորեական։ Ընտրության կարևոր գործոններից են առաջարկվող հզորությունները, անվտանգությունը, և միայն դրանցից հետո՝ արժեքը։ Դեռ միայն հստակ է, որ նոր ատոմակայանը լինելու է մոդուլային, ասում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը․

«Հայաստանի կառավարությունն արդեն ընտրել է ատոմակայանի տեսակը․ մոդուլյար տեսակի ատոմակայանն է: Ընթացիկ տարում կամ 2027–ի սկզբին արդեն կընտրենք մոդելը, որից հետո կանցնենք հաջորդ փուլին»։

Կառավարությունը շարունակում է քննարկել տարբեր երկրների, տարբեր ընկերությունների առաջարկները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ մոդուլային ատոմակայանի կառուցման շուրջ Հայաստանը բանակցում է մի շարք երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ։ 

Մասնագետները նույնպես քննարկում են մոդուլային ատոմակայան կառուցելու նպատակահարմարությունը։ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժնի ղեկավար Վաչագան Հարությունյանը դրանց առավելություններն է նշում․

«Կոմպակտ ռեակտոր է, մինչև 300 ՄՎտ է, ֆինանսական տեսանկյունից էժան է, անձնակազմն էլ կարող է փոքր լինել»։

Բայց գիտնականն ընդգծում է նաև փոքր մոդուլային կայանների թերությունները։ Նրա կարծիքով՝ դրանք կարելի է դիտարկել որպես էներգիայի լրացուցիչ աղբյուր․

«Հիմնականի դեպքում հզորությունը հնարավոր է կուտակել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օգտագործել։ Մյուս կողմից էլ պետք է տեղում արտադրության հնարավորություն լինի»։

Մի հարցում մասնագետները միակարծիք են․ էներգետիկ անկախության տեսանկյունից ատոմային էներգաբլոկի առկայությունը Հայաստանի էներգետիկ համակարգում առանցքային նշանակություն ունի։ Ուստի շատ կարևոր են կառուցվող կայանի և՛ հզորությունը, և՛ տեսակը։

Leave a Comment