18 մարտի 2026 – 15:20 AMT
PanARMENIAN.Net – Մեխանիզմներ է մշակում բժշկական կենտրոնների տնօրենների ֆինանսական հաշիվները վերահսկելու ուղղությամբ։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով Վեդիի հիվանդանոցի շուրջ սկանդալային զարգացումներին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել ոինն, որ Վեդու բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամայիս Գրիգորյանը բուժհաստատության բյուջեից մոտ 140 միլիոն դրամ պարտվել է խաղատանը։ Ըստ հրապարակումների՝ նա բժիշկներին ձևակերպել է բարձր աշխատավարձեր, սակայն իրականում վճարել է ավելի փոքր գումարներ։
«Կա քրեական գործ, և սա, այո՛, լրջագույն խնդիր է։ Հիմա մենք վերանայում ենք մեր տնօրենների տեխնիկական, բանկային և ֆինանսական հոսքերի վերահսկման ընդհանուր մեխանիզմները։ Խոսքը բոլոր հիվանդանոցների մասին է»,- ասել է Ավանեսյանը։
Լրագրողների հարցին՝ արդյոք մտավախություն չկա, որ մյուս բժշկական կենտրոնների տնօրենները նույնպես կարող են խաղամոլ լինել, նախարարը նշել է, որ նման բան բացառել հնարավոր չէ։
«Ինչպես տեսանք, նման «անհնար» երևույթը, ցավոք, տեղի է ունեցել»,- հավելել է նա։
Ավանեսյանի խոսքով՝ ներկայում Վեդու բժշկական կենտրոնն արդեն ունի տնօրենի նոր պաշտոնակատար, իսկ բուժաշխատողների աշխատավարձերը վճարվել են։
Նախարարը նաև հայտնել է, որ ներկայիս տնօրենը գտնվում է իր խորհրդականի ուղիղ վերահսկողության տակ։ Բացի այդ, նախարարությունը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ նախկին տնօրենի կողմից յուրացված գումարները վերադարձնելու ուղղությամբ։