
2025 թվականի ընթացքում 4140 թափառող կենդանի է տեղափոխվել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի կլինիկա։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում տեղեկացրել է կառույցի տնօրեն Հարություն Առաքելյանը։ Միաժամանակ նա հայտնել է, որ նշված կենդանիներից 766-ը քնեցվել է։
«2703 թափառող շուն ստերջացվել և պատվաստվել է կատաղություն հիվանդության դեմ: 671 կենդանի, որոնք արդեն նախկինում մեր կողմից ստերջացված են եղել, վերապատվաստվել են կատաղության դեմ։ Տարբեր անհատների, կենդանիների խնամքով ու պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում մեզ հաջողվել է տարվա ընթացքում 83 կենդանու հանձնել որդեգրման։ Տարվա ընթացքում նաև իրականացրել ենք կրթական ու իրազեկման արշավներ, որոնց մասնակից է դարձել շուրջ 200 դպրոցահասակ երեխա»,— ասում է Առաքելյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի շահագործման կհանձնվի Հայաստանում և Երևանում առաջին կացարանը՝ նախատեսված ընտանի կենդանիների համար։