Նախատեսվում է ունենալ սնանկության ոլորտը կարգավորող նոր օրենսդրություն

Հայաստանում սնանկության ոլորտը կարգավորվում է  2006 թվականին ընդունված «Սնանկության մասին» օրենքով, որը տարիների ընթացքում ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների: «Սնանկության մասին» օրենքում արդեն իսկ իրականացվել են մի շարք փոփոխություններ, սակայն այն դեռեւս  զգալի բարեփոխման կարիք ունի: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգիրք» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Փոխնախարարը նշել է, որ սնանկության ինստիտուտը հաճախ օգտագործվում է որպես պարտքերից անբարեխիղճ կերպով ազատվելու, չարաշահումների, կենսունակ կազմակերպությունների առողջացման փոխարեն նրանց գույքը փոշիացնելու, տարատեսակ եղանակներով գույքերը վաճառելու եւ լուծարման  տանելու գործիք:

Տիգրան Դադունցը հայտնել է, որ նշված խնդիրները լուծելու համար էլ մշակվել է օրենսդրական մեծ փաթեթ, որի հիմքում նաեւ մի շարք հետազոտություններ եւ ուսումնասիրություններ են դրված:

Օրենսգիրքը կարգավորում է իրավաբանական ու ֆիզիկական անձանց սնանկության եւ սնանկության վտանգի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սնանկության գործի վարման եւ դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության հետ կապված հարաբերություններ:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ: Հնչել են նաեւ առաջարկներ ու դիտողություններ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաթեթին: Այն նախատեսվում է ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովի նիստը գումարվել է մարտի 18-ին:

Leave a Comment