
Իրանում առնվազն ութ դեղագործական գործարան է վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի հարվածների հետևանքով, հայտնել է Իսլամական Հանրապետության Սննդի և դեղերի վարչության ղեկավար Մեհդի Փիրսալեհին։
«Այս պահի դրությամբ ութ դեղագործական գործարան մասամբ կամ ամբողջությամբ ոչնչացվել է», — նրա խոսքերը մեջբերել է իրանական «Tansim» լրատվական գործակալությունը։ Նա հավելել է, որ որոշ քաղաքներում կրակոցների թիրախում են հայտնվել նաև դեղատները, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ դեղագործ։
Փիրսալեհին ընդգծել է, որ դեղագործական արտադրանքի և բժշկական սարքավորումների արտադրությունը, ինչպես նաև դրանց մատակարարումը տեղական շուկա, չի խաթարվել և շարունակվում է։
Մարտի 10-ին Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին վստահեցրել էր, որ արդյունավետ միջոցներ են ձեռնարկել անհրաժեշտ ապրանքների անխափան մատակարարումն ապահովելու համար և, որ Իսլամական Հանրապետությունում սննդի և դեղորայքի պակաս չկա։