«Ժառանգություն» կուսակցությունը հունիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ հնարավոր է միանա Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Պարբերականի փոխանցմամբ՝ այնուհանդերձ, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդգրկվի նախընտրական ցուցակում։
Հովհաննիսյանը մարտի 16-ին հայտարարել է, որ իր առաջնորդած քաղաքական ուժը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն նշել է, որ չի ցանկանում ծանրաբեռնել քաղաքական դաշտը առանձին մասնակցություններով, վարչապետ դառնալու ցանկություն էլ չունի:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Ըստ Armenia Today-ի հոկտեմբերի հարցումների՝ քաղաքացիների 21%-ը կքվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, իսկ 10,7%-ը՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» օգտին: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումները, որոնք իրականացվել էին փետրվարի 3-13-ը, արձանագրել էին քաղաքացիների անորոշությունը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ:
