ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվել՝ պատճառաբանելով Իրանի դեմ պատերազմը։ Ըստ նրա՝ Իրանն անմիջական սպառնալիք չէր ԱՄՆ-ի համար, և պատերազմի որոշումը Թրամփը կայացրել է իսրայելական լոբբինգի ազդեցությամբ։
Ջո Քենթը դարձավ Թրամփի վարչակազմի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որ հրաժարական տվեց երրորդ շաբաթը շարունակվող հակամարտության պատճառով։
«Ես չեմ կարող հանգիստ խղճով աջակցել Իրանի դեմ շարունակվող պատերազմին։ Իրանը անմիջական սպառնալիք չէր ներկայացնում մեր երկրի համար, և պարզ է, որ մենք սկսեցինք այս պատերազմը Իսրայելի և նրա ազդեցիկ լոբբիի ճնշման տակ»,- գրել է Քենթը սոցիալական ցանցերում հրապարակված իր նամակում։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլինա Լիվիթը Քենթի նամակում պարունակվող պնդումները որակել է որպես «կեղծ»։
«Ինչպես հստակ և աներկբա հայտարարել է նախագահ Թրամփը՝ նա ուներ հաստատուն և անհերքելի ապացույցներ, որ Իրանը պատրաստվում էր առաջինը հարձակվել Միացյալ Նահանգների վրա»,- ասել է Լիվիթը։ -«Այդ ապացույցները հավաքվել են բազմաթիվ աղբյուրներից և գործոններից»։
Քենթի հայտարարությանն արձագանքել է նաև Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդը, ասելով, որ Թրամփի որոշումը հիմնված է եղել առկա ողջ տեղեկատվության վրա։
Քենթը չի պատասխանել մեկնաբանությունների խնդրանքներին, իսկ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը, որը վերահսկում է հակաահաբեկչական կենտրոնը, նույնպես անմիջապես չի արձագանքել։
