ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների հաջողության պայմաններում ԱՄՆ-ն այլևս չի զգում ՆԱՏՕ-ի երկրների օգնության անհրաժեշտությունը։ Այս մասին նա գրել է իր Truth Social-ի էջում։
Թրամփի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից շատերը հրաժարվել են ներգրավվել Մերձավոր Արևելքում Իրանի դեմ գործողություններին, թեև քաղաքական աջակցություն են հայտնել և ընդգծել, որ Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ունենալ։
Նա կրկին քննադատել է ՆԱՏՕ-ն՝ այն բնութագրելով որպես «միակողմանի երթևեկությամբ փողոց»՝ նշելով, որ ԱՄՆ-ը մեծ միջոցներ է ծախսում դաշնակիցների պաշտպանության համար, մինչդեռ նրանք չեն աջակցում Վաշինգտոնին բարդ իրավիճակներում։
Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ոչնչացրել է Իրանի ռազմական կարողությունները»՝ նշելով ռազմածովային և ռազմաօդային ուժերի, ՀՕՊ համակարգերի և ղեկավարության մեծ մասի ոչնչացումը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ը «չի ցանկանում և կարիք չունի» դաշնակիցների օգնությանը՝ ընդգծելով, որ դա վերաբերում է ոչ միայն ՆԱՏՕ-ին, այլ նաև այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ճապոնիան, Ավստրալիան և Հարավային Կորեան։
Վերջում նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը՝ որպես «աշխարհի ամենահզոր երկիր», կարող է գործել առանց արտաքին աջակցության։