Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին, որը կազմակերպել է ՄԱԿ զարգացման ծրագրերի՝ կայուն զարգացման նպատակների նորարարության հայաստանյան կենտրոնը։
Միջոցառմանը ներկա են եղել դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, նորարարության և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ: Մինչև միջոցառման մեկնարկը Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է հանրային կառավարման ոլորտում արհեստական բանականության միջոցով ստեղծված լուծումներին:
Հանրության կյանքի լավ որակը պայմանավորված է հանրային ոլորտի լավ աշխատանքով՝ ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա կարծիքով, սակայն, այդ փոխկապվածությունը երբեմն ընկալելի չէ։ Եթե ուզում ենք լավացնել կյանքի որակը, պետք է ավելի լավը դարձնենք հանրային ոլորտի կառավարումը՝ բացատրում է վարչապետը։ Նրա համոզմամբ՝ դա անելու ամենաարդյունավետ տարբերակը ոլորտի մեջ ուղիղ ներդրումներ անելն է։
«Մեր մտածողությունը շատ տեղերում արտահամակարգային և արտապետական է, և մենք շարունակում ենք ընկալել, թե կարելի է չանել ներդրում և ունենալ, ասենք, էնտուզիազմի, էմոցիայի, նվիրվածության և այլնի լավարկում։ Ընդ որում՝ էմոցիայի, էնտուզիազմի, նվիրվածության գործը և գործառույթը երբեք չի կարելի նսեմացնել»։
Հայաստանի ոչ մի քաղաքացի, ոչ մի ընտանիք իր բարեկեցության համար չի ծախսում այնքան գումար, որքան պետությունը պետբյուջեի կամ համայնքային բյուջեի միջոցով՝ հայտարարում է Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու վճարած ամեն դրամ հարկն այդ քաղաքացուն վերադարձվում է տասնապատիկ ավելի։ Սա, ընդ որում, ճշգրիտ բանաձև է, եթե քաղաքացին վճարում է 1 դրամ, իրեն վերադարձվում է 10 դրամ։ Եթե քաղաքացին վճարում է 10 դրամ, իրեն վերադարձվում է 100 դրամ, եթե քաղաքացին վճարում է 100 դրամ, իրեն վերադարձվում է 1․000 դրամ»։

Հանրային ոլորտի նորարարության համաժողովը, որն արդեն 3-րդ անգամ է կազմակերպվում, մեկտեղում է Հայաստանի և ԵՄ երկրների հանրային ոլորտի կառավարման լավագույն փորձն ունեցող մասանգետներին։ Նպատակը ոլորտի միջազգային նորարարարությունների մասին խոսելն ու դրանք տեղայնացնելն է։ Այս տարի երկօրյա միջազգային համաժողովը բացվեց մրցանակաբաշխությամբ։ Վարչապետը չորս անվանակարգերում մրցանակներ հանձնեց ոլորտն իրենց նորարարական գաղափարներով զարգացրած հանրային ծառայողներին։
«Ներքին գործերի նախարարության թվայնացման հարցերով խորհրդականին՝ բացառիկ համբերատար ու հետևողական Աննա Հարությունյանին, հաջողվել է թվային նորարարությունը վերածել շոշափելի հարմարավետության՝ վերացնելով դժվարությունները, որոնք մարդիկ հաղթահարում են մեքենաների առքուվաճառքի ժամանակ։ Այսօր Հայաստանում փոխադրամիջոցների առքուվաճառքի սեփականության իրավունքի փոխանցումը հնարավոր է մի քանի րոպեում՝ օրվա ցանկացած ժամի, աշխարհի ցանկացած վայրից։ Տվյալների շտեմամանների խելացի ինտեգրման շնորհիվ համակարգն ինքնաշխատ եղանակով կատարում է բոլոր ստուգումները՝ մարդուն ազատելով ձգձգվող վարչարարությունից»։
2025-ի սեպտեմբերից՝ այս գործիքից օգտվել է 800-ից ավելի քաղաքացի, ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմով։ Մեկ այլ անվանակարգում մրցանակ ստացավ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը։ Նա անօդաչու սարքերի և տվյալների գերժամանակակից սարքերի համադրմամբ պետական վերահսկողությունն ավելի արագ ու թափանցիկ է դարձրել, բարձր ճշգրտությամբ քարտեզագրել ու մշտադիտարկել ընդերքօգտագործման տվյալները, ինչի շնորհիվ վերջին 3 տարիներին ապօրինի դեպքերի հայտաբերումը հնգապատկվել է։ Այս և մյուս օրինակները ցույց են տալիս, որ նորարարարությունը նախ և առաջ կրթություն է՝ նկատում է Նիկոլ Փաշինյանը։
«Այս է պատճառը, որ կառավարության վերջին առնվազն 1 տարվա քաղաքականությունը ուղղված է հետևյալին։ Մենք մեծ ներդրումներ ենք անում հանրային ոլորտում, ընդ որում՝ հանրային կառավարման ոլորտում ներդնում ենք կրթության ինքնաշխատ համակարգեր։ Մենք այնպես ենք անում, որ հանրային ոլորտում կրթությունը դառնա մոտիվացիա և կրթության շնորհիվ ձեռք բերվի աշխատանքի և նորարարության նոր մոտիվացիա, նոր գիտելիք և նոր ըմբռնում»։

Համաժողովի կազմակերպիչը ՄԱԿ զարգացման ծրագրերի Կայուն զարգացման նպատակների նորարարության հայաստանյան կենտրոնն է, որի հետ գործակցում են հանրային ոլորտի գրեթե բոլոր ներկայացուցիչները։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատում է՝ նոր հմտությունները նպաաստել են նաև հանրային իրազեկվածության բարձրացմանն ու կառավարման թափանցիկությանը․
«Մենք 3 տարվա ընթացքում եռապատկել ենք մեր սեփական եկամուտները։ Ամբողջությամբ թվայնացրել են քաղաքային ծառայությունները՝ «Ես» էլեկտրոնային հարթակի միջոցով։ Երևանցիներին հրավիրել ենք քաղաքային կառավարմանը մասնակցելու՝ թվային գործիքների միջոցով, ինչպես օրինակ, ակտիվ քաղաքացի հատվածում։ 70-ականների սարքավորումներով աշխատող մեր հիմնարկներն ու ընկերություններն արդիականացվել են 21-րդ դարի տեխնիկական և թվային գործիքներով, և մեր նպատակն է, որ Երևանում ձևավորվող այս փորձառությունը օգտակար լինի նաև Հայաստանի մյուս համայնքների համար»։
Հանրային կառավարման ոլորտը բարեփոխելը նաև Հայաստան-ԵՄ գործակցության առաջնահերթություններից է՝ հայտարարում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը․
«Պետական ոլորտում բարեփոխումներին՝ արդյունավետ, լավ կառավարմանն աջակցելը ԵՄ կարևորագույն հանձնառություններից մեկն է։ Ժողովրդավարական հասարակարգերում կան գրված ու չգրված կանոններ, քաղաքացիների ու պետական կառույցների գործակցության ընթացակարգեր, որոնց համաձայն՝ պետությունները պարտավորվում են տրամադրելու անվտանգային երաշխիքներ, պաշտպանելու քաղաքացիների հիմնարար ազատությունները, մատուցելու այնպիսի ծառայություններ, որ հասարակությունները կարողանան զարգանալ»։

Մարագոսի համոզմամբ՝ հասարակության զարգացման նախադրյալը խաղաղությունն ու անվտանգությունն է։ Այս տեսանկյունից վերջինս կարևորում է նախորդ օգոստոսին նախաստորագրված խաղաղության համաձայնագրիրը և տարածաշրջանի ապաշրջափակման նպատակով գործարկվելիք Թրամփի ուղին։ «ԵՄ-ն աջակցում է խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը տարածաշրջանում՝ կարևորելով հատկապես դիվանագիտական աշխատանքը, ինչպես նաև ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում»,— եզրափակում է ԵՄ պատվիրակության ղեկավարը։