«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության հիմնադիր, գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է աշխարհաքաղաքական օրակարգից շեշտադրումը հեռացնելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները պետք է դիտարկել որպես ներքին քաղաքական գործընթաց:
Ծառուկյանը հավելել է, որ իր թիմը միտված է կայուն պետություն կառուցելուն՝ կայուն ինստիտուտներով և հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ:
«Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի։ Առաջիկա քաղաքական գործընթացներն ու ընտրությունները չեն հանդիսանում աշխարհաքաղաքական ընտրություն ուժային կենտրոնների միջև։ Սա գաղափարների, ծրագրերի և պետության զարգացման մոտեցումների մրցակցություն է»,- ասել է նա։
Ծառուկյանը հայտարարել է, որ ներքին փոփոխությունները պետք է տեղի ունենան սահմանադրական և ժողովրդավարական ընթացակարգերի միջոցով, իսկ լեգիտիմությունն ու կանխատեսելիությունը պետության կայունության հիմքն են։
Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կներկայացվի արտաքին քաղաքականության հայեցակարգ, որը նախատեսում է վերականգնել հավասարակշռությունն ու վստահությունը միջազգային գործընկերների հետ հարաբերություններում։
Նրա խոսքով՝ Հայաստանը գործընկերային հարաբերություններ է կառուցելու միջազգային բոլոր հիմնական դերակատարների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, ԵՄ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, ինչպես նաև հարևան պետությունների հետ։
Ծառուկյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է դառնա ներդրումների և ենթակառուցվածքային նախագծերի համար բաց երկիր, զարգացնի տրանսպորտային կապերը, տեխնոլոգիական տնտեսությունը և նորարարական ոլորտները։
Նա ընդգծել է նաև Սփյուռքի ներուժի օգտագործման կարևորությունը՝ նշելով, որ այն պետք է դիտարկվի որպես Հայաստանի ռազմավարական խորությունը մեծացնող գործոն։ Ծառուկյանի խոսքով՝ նախատեսվում է զարգացնել համաշխարհային հայկական համագործակցության ցանց, որը կնպաստի տնտեսական, գիտական և տեխնոլոգիական նախագծերի իրականացմանը։
Ծառուկյանը մարտի 12-ին Armenia Today-ին հայտնել էր, որ իր առաջնորդած ուժը 2026 թվականի ընտրություններում վարչապետի 4 թեկնածու ունի։ Նա բացառել էր իշխանությունների հետ համագործակցությունը։
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան հունիսի 7-ին։
Կարդացեք և դիտեք նաև
