17 մարտի 2026 – 16:43 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի անդամները, որոնք Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի պատճառով չեղարկված չվերթների հետևանքով չեն կարողացել ժամանակին վերադառնալ Հայաստան, այժմ վերադարձի ճանապարհին են, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Նրանք ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով էին մեկնել Կատար:
Ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և Կատարի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանին՝ թիմի վերադարձի կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար։ Շնորհակալություն է հայտվել նաև Կատարի մարմնամարզության ֆեդերացիային՝ թիմին Կատարում գտնվելու ամբողջ ընթացքում աջակցելու համար։
Հայաստանի հավաքականը բաց էր թողել Թուրքիայի Անթալիա քաղաքում մարտի 10-ին անցկացված Աշխարհի գավաթի երրորդ փուլը, քանի որ չվերթների չեղարկումների պատճառով չէր կարողացել Կատարից մեկնել մրցավայր։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մարտի 12-ին հայտնել է, որ Դոհայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել է Կատարից դեպի Օման անվճար տեղափոխություն ՀՀ քաղաքացիների համար։ Այդ հնարավորությունից օգտվել է Հայաստանի 10 քաղաքացի, այդ թվում՝ առողջական խնդիրներ ունեցողներ և տարեցներ։