17 մարտի 2026 – 17:43 AMT
PanARMENIAN.Net – 2026 թվականի հունվար–փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4․2 մլն դոլարի արտադրանք։
Պետական մաքսային կոմիտեի տվյալներով՝ արտահանման ծավալը կազմել է 4 մլն 220․3 հազար դոլար, հայտնում է Haqqin.az-ը:
Նշվում է, որ այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0․12 տոկոսը։
Միևնույն ժամանակ նշված ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան ապրանքների մատակարարումներ չեն իրականացվել։
Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը, որին հաջորդել է ևս 2 խմբաքանակի ներմուծում:
Ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»:
Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։