Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում հարյուրավոր բնակիչներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել փողոցի անմխիթար և անբարեկարգ վիճակի հարցով։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները նշել են, որ արդեն շուրջ 6 տարի շարունակ բարձրաձայնում են նույն խնդրի մասին, սակայն մինչ օրս որևէ իրական լուծում չեն տեսնում։
«Մոտ մեկ կիլոմետր երկարությամբ այս փողոցը դարձել է իսկական պատուհաս բնակիչներիս համար։ Սա գյուղի կենտրոնական ճանապարհն է։ Այստեղով են երեխաները ամեն օր գնում դպրոց և մանկապարտեզ, այստեղով է անցնում նաև դեպի գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհը և հասարակական տրանսպորտը։ Սակայն այս ամենակարևոր ճանապարհը փաստացի դարձել է անանցանելի։ Մեր գյուղը կարծես դուրս լինի Հայաստանի Հանրապետությունից ու դրա համար էլ այս վիճակում ենք հայտնվել»,– ասում էին բնակիչները։
Գյուղացիների խոսքով՝ ճանապարհի անմխիթար վիճակը արդեն լուրջ խնդիրներ է ստեղծում նաև առողջապահական և այլ ծառայությունների համար։
«Եղել են դեպքեր, երբ շտապօգնության մեքենաները պարզապես չեն եկել գյուղ՝ իմանալով ճանապարհի վիճակը։ Ստիպված ենք եղել հիվանդներին մեր մեքենաներով տեղափոխել մինչև այն հատվածը, որտեղ շտապօգնությունը կարող է հասնել և այնտեղից արդեն տեղափոխել են հիվանդանոց։ Նույն իրավիճակն է նաև տաքսիների դեպքում․ շատերը պարզապես հրաժարվում են գալ»,– պատմում էին նրանք։
Բնակիչները նշում էին, որ փողոցը լի է մեծ ու փոքր փոսերով, որոնք որոշ հատվածներում արդեն խրամատներ են հիշեցնում։ Նրանց խոսքով՝ ճանապարհը այնքան վատ վիճակում է, որ մեքենաներով անցնելը դարձել է իսկական փորձություն։
«Այս ճանապարհը վաղուց արդեն պարզապես փոսալցման ենթակա չէ․ այն ամբողջությամբ հիմնովին վերակառուցելու կարիք ունի։ Այլ լուծում այստեղ պարզապես չկա»,– նշում էին գյուղացիները։