ԱՊՊԱ փոխհատուցման առավելագույն սահմանաչափերն ավելանում են․ կփոխվե՞ն արդյոք ապահովագրավճարները

Ապրիլի 1-ից ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության համակարգում ուժի մեջ մտնող փոփոխությունները խոստանում են էական նշանակություն ունենալ թե՛ վարորդների, թե՛ տրանսպորտային պատահարներից տուժած քաղաքացիների համար։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նախաձեռնությամբ ավելանում են փոխհատուցումները։ Ոլորտի մասնագետները դա համարում են երկար սպասված քայլ ավելի արդար և լիարժեք հատուցման համար։ Միաժամանակ բյուրոյում նշում են, որ ավտովթարները նվազեցնելու և համակարգային խնդիրները լուծելու համար գործակցում են մի շարք պետական մարմինների հետ։ Սակայն, ինչպես ընդգծում է գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը, այդ գործակցությունը դեռևս շոշափելի արդյունքներ չի տալիս․ ոլորտում առկա խնդիրների համակարգային լուծումներին դեռ սպասում են։

Ավտովթարից առաջացած գույքային վնասի փոխհատուցման առավելագույն սահմանաչափը 1 մլն 800 հզր դրամից կդառնա 2 մլն 500 հզր, իսկ առողջական վնասների դեպքում՝ 3 մլն 300 հզր դրամից կդառնա 3,5 մլն դրամ։

Ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնեն ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությանը վերաբերող մի շարք փոփոխություններ։ Դրանք ուղղված են վարորդների և տուժողների շահերի ավելի արդյունավետ պաշտպանությանը։ Փոփոխությունները նախաձեռնել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն։

Կարո՞ղ է արդյոք փոխհատուցման առավելագույն սահմանաչափի փոփոխությունը հանգեցնել նաև ապահովագրական վճարի ավելացմանը։ Բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը բացառում է այդ տարբերակը․

«Այս պատճառով ոչ մի բան չի թանկանալու։ Այս պատճառով, որ մենք բարձրացրինք գումարը, որը ենթադրում է հատուցման ավելացում,  հետևաբար պետք է ենթադրեր ապահովագրական վճարի ավելացում, չի ավելանալու»։

Վաղինակ Եղիազարյանը, սակայն չի բացառում, որ տնտեսական որոշակի պայմաններից կախված վերանայվեն նաև ապահովագրավճարները։ Բայց նա վստահ է, որ առաջիկա ամիսներին սակագինը չի փոխվի, քանի որ վերջին վերանայումը կատարվել է մի քանի ամիս առաջ․

«Ենթադրենք՝ 6-7 ամիս հետո, գնաճի կամ պատահարների հաճախականության բարձրացմամբ պայմանավորված, սակագները կարող են բարձրանալ կամ իջնել, քանի որ վերջիններս ազատական են»։

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի կարծիքով՝ առավելագույն սահմանաչափերի ավելացումը կխթանի նաև ապահովագրական համակարգի նկատմամբ վստահության աճը։

Վաղինակ Եղիազարյանն ասում է, որ Հայաստանում գործում է փոխհատուցման հետ կապված բողոքարկման մի քանի մակարդակ ունեցող համակարգ, որից քաղաքացիները լայնորեն օգտվում են․

«Եթե տրամադրվող գումարի չափը չի բավարարում, դիմում են լրացուցիչ փորձաքննության, դա էլ չբավարարելու դեպքում դիմում են կրկնակի փորձաքննության։ Եթե այդտեղ էլ ինչ-որ խնդիր եղավ, արդեն աշխատում են մեր վերահսկողական մեխանիզմները ստուգիչ փորձաքննություն ենք անում և պատասխանատվության միջոցներ ենք կիրառում, եթե կիրառվել է սխալ մեթոդաբանություն»։

Այս գործողությունները բյուրոն վերահսկում է՝ վստահեցնում է Վաղինակ Եղիազարյանը։ Նա ասում է, որ նախատեսում են աստիճանական անցում կատարել վերանորոգման ամբողջական համակարգի․

«Երբ որ ոչ թե գումար ես տալիս այս մարդուն, այլ վճարում ես վերանորոգող կազմակերպություններին, որոնք ուղղակի մեքենան նույն տեսքով կվերադարձեն վարորդին»։

Ավտովթարները պակասեցնելու և դրա հետևանքով փոխհատուցվող գումար տնտեսելու համար Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն երեք հիմնական ուղղություն է առաջարկում․

«Ճանապարհների կահավորվածության, կարգավորման վիճակի բարելավումն է։ Վարորդների վարքագծի բարելավումը և մեքենաների վիճակի բարելավումը»։

Առաջարկվող լուծումները միայն բյուրոյի տիրույթում չեն՝ նկատում է Վաղինակ Եղիազարյանը։ Ասում է՝ աշխատում են պետական տարբեր գերատեսչությունների, ՀԿ-ների և ԶՄԼ-ների հետ։ Պատկան մարմիններին քարտեզ են առաջարկել, որում նշված լինեն այն վայրերը, որտեղ հաճախ են լինում ավտովթարներ։

«Այս սև կետերի տեղեկատվական բազան քանի որ մեզ մոտ է, մենք աշխատում ենք տեխնիկական լուծումներ վրա։ Դրա ստեղծումը բոլոր հարցերը չի լուծում։ Դա գործիք է»։

Ըստ Վաղինակ Եղիազարյանի՝ որոշ պետական կառույցներ փորձում են տեղային լուծումներ տալ առկա խնդիրներին, բայց դրանք կարճաժամկետ են։

«ՆԳՆ-ն ինչ-որ բաներ տարբեր տեղերում փորձում է շտկել, բայց այստեղ համակարգված լուծում է պետք, որովհետև որոշ դեպքերում մի տեղ հարցը լուծում ես, խնդիրը գնում է ուրիշ տեղ։ Քեզ թվում է, թե այստեղ ամեն ինչ լավ եղավ, բայց մեկ այլ տեղ վատ եղավ և ընդհանուր արդյունքը չի փոխվում»։

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը կարծում է, որ այս փոփոխությունները կարևոր են համակարգի կատարելագործման համար և նպատակ ունեն ավելի արդյունավետորեն արձագանքելու քաղաքացիների կարիքներին։

Leave a Comment