Ոչ թե խաղաղություն է, այլ հրադադար, «չպատերազմ»․ Սուրեն Սուրենյանց – armeniatoday.am

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական ու նախընտրական իրավիճակին, Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը։ Նա վերլուծել է նաև տարածաշրջանային իրադրությունը, հայ-ադրբեջանական բանակցությունները և խաղաղության գործընթացը։

Սուրենյանցը նշել է, որ ընտրական պայքարի ընթացքում քաղաքացիները պետք է առաջնորդվեն ոչ թե քաղաքական ուժերի հնչեցրած լոզունգներով, այլ չափելի խոստումներով, հստակ թվերով և ծրագրերի իրագործման մեխանիզմներով։

Նրա խոսքով՝ Հայաստանում գործում է ընտրությունների ինստիտուտը, սակայն քաղաքական պատասխանատվության և հաշվետվողականության մշակույթը լիարժեք ձևավորված չէ, ինչի հետևանքով ընտրություններից հետո քաղաքական ուժերը հաճախ իրենց խոստումների համար պատասխանատվություն չեն կրում։

Քաղաքագետը նաև ընդգծել է, որ հասարակությունը հաճախ ընտրություն է կատարում ոչ թե ծրագրերի, այլ առաջնորդների շուրջ ձևավորված ընկալումների հիման վրա, ինչն, ըստ նրա, բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև ժամանակակից քաղաքականությանը ընդհանուր առմամբ։ Այդ պայմաններում, Սուրենյանցի խոսքով, կարևոր է պահանջել հստակ ծրագիր և վերահսկել դրա կատարումը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին՝ նա հայտարարել է, որ ներկայիս իրավիճակը չի կարելի խաղաղություն համարել։ Սուրենյանցի գնահատմամբ՝ Հայաստանը չունի խաղաղության պայմանագիր, չկան միջազգային երաշխիքներ, լուծված չեն գերիների և օկուպացված տարածքների հարցերը, ուստի տեղի ունեցողը առավել ճիշտ է բնութագրել որպես ոչ թե խաղաղություն, այլ չամրագրված հրադադար։

«Ոչ թե խաղաղություն է, այլ հրադադար, «չպատերազմ»։ Իշխանությունը բանակցում է ոչ թե խաղաղության, այլ սողացող կապիտուլյացիայի մոդելի շուրջ»,- նկատել է նա։

Սուրենյանցը նշել է, որ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը հանդես է գալիս երաշխավորված խաղաղության մոդելի օգտին՝ միջազգային մեխանիզմների, անվտանգության լրացուցիչ երաշխիքների և ավելի հավասարակշռված բանակցային գործընթացի միջոցով։

Քաղաքագետը նաև անդրադարձել է արտաքին քաղաքականությանը՝ նշելով, որ Հայաստանը ներկայում չունի հստակ դաշնակիցներ։ Նրա խոսքով՝ Երևանը հրաժարվել է նախկին, թեկուզ անկատար անվտանգության համակարգից, սակայն Արևմուտքից չի ստացել անվտանգության նոր երաշխիքներ, ինչի հետևանքով երկիրը հայտնվել է ավելի խոցելի իրավիճակում։

«Հայաստանը հայտնվել է թուրք-ադրբեջանական ակցանի մեջ»,- շեշտել է նա։

Սուրենյանցը խոսել է նաև ներքաղաքական օրակարգի ձևավորման մասին՝ նշելով, որ այն շարունակում է մեծապես պայմանավորվել գործող իշխանության կողմից, իսկ ընդդիմությունը դեռ չի կարողացել ամբողջությամբ իր ձեռքը վերցնել օրակարգ թելադրելու նախաձեռնությունը։ Նա նաև ներկայացրել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության մոտեցումները՝ ընդգծելով, որ իրենք հանդես են գալիս ավելի հաշվարկված և իրատեսական քաղաքական ծրագրով։

Քաղաքագետը անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին՝ քննադատելով Հայաստանի արձագանքը Իրանի շուրջ իրադարձություններին։ Նա նշել է, որ արտաքին քաղաքական քայլերում հաճախ նկատվում է ինքնուրույնության պակաս։ Սուրենյանցի գնահատմամբ՝ Հայաստանի ներկայիս վիճակը ցույց է տալիս, որ երկիրը կանգնած է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լուրջ մարտահրավերների առաջ, ինչի պայմաններում ընտրությունների արդյունքը կարող է որոշիչ նշանակություն ունենալ։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment