Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր՝ մարտի 17-ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել է գնաճի վրա ազդող հիմնական գործոնները, տնտեսական հիմնական միտումները և ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի արժեքը։
Նա ընդգծել է, որ առկա են առաջարկի գործոններով պայմանավորված գնաճային ռիսկեր, ինչպիսիք են, օրինակ, մասնավոր աշխատավարձերի աճը, ծառայությունների գնաճը և այլն։ Գալստյանի խոսքով՝ թոշակներ բարձրացումը կարող է բերել գնաճի հիմնական արժեքին 0,1 – 0,2 % -ի չափով ավելացման։
Կենտրոնական բանկը շարունակելու է մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3 % – ի ապահովման համար:
Գալստյանը մամուլի ասուլիսում նշել է, որ Մերձավոր Արևելքում իրադարձությունների՝ Հայաստանում գնաճի վրա լրացուցիչ ազդեցությունը կարող է կազմել 1,2-ից 1,7 տոկոսային կետով:
«Գոյություն ունեն ենթաբաղադրիչներ՝ նավթի գնի ավելացում, ներմուծման այլընտրանքային ճանապարհների օգտագործման արդյունքում գնի որոշակի աճ և Իրանից ներմուծվող պարենային ապրանքների որոշակի փոխարինում այլ երկրներից ներկրումով: Սա ռիսկերի տիրույթում է, մենք չենք ասում, որ սա անպայման տեղի է ունենալու, բայց տեղի ունենալու պարագայում գնաճի վրա ազդեցությունը կլինի նշված սահմաններում», – նշել է նա:
Կենտրոնական բանկը որոշել է պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,25 %-ի մակարդակում, հայտարարել է Գալստյանը։ Ըստ ԿԲ-ի` այս որոշումը պայմանավորված է համաշխարհային տնտեսությունում առկա բարձր անորոշությամբ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման, նավթի գների կտրուկ աճի և առևտրային քաղաքականությունից բխող ներկա ռիսկերի հետ:
Անդրադառնալով տնտեսության ընդհանուր վիճակին՝ Մարտին Գալստյանը նշել է, որ 2025 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը զգալիորեն արագացել է՝ հիմնականում շինարարության, ծառայությունների ոլորտի և մշակող արդյունաբերության շնորհիվ: Սակայն, ըստ ԿԲ գնահատականների, պահանջարկի ընթացիկ պայմանները և մի շարք միտումներ հաշվի առնելով տնտեսության հետագա զարգացման հարցում անորոշությունը էապես ավելացել է:
