Սպորտային մեքենայությունների համար կսահմանվեն խիստ պատժամիջոցներ՝ տուգանքներից մինչև գործունեության արգելք․ նախագիծ

Սպորտում «պայմանավորված խաղերի» դեմ պայքարը կխստացվի․ ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին


ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագծին։


ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կոնվենցիան մարզական մրցումների կազմակերպման նոր որակ սահմանելու հնարավորություն է ընձեռում: 


«Կարգավորումներ են նախատեսվում՝ խրախուսելու մարզական կազմակերպություններին, մարզական խաղադրույքների օպերատորներին, մրցույթների կազմակերպիչներին և յուրաքանչյուր այլ կազմակերպությանը՝ մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարելու ընթացակարգեր ու կանոններ սահմանելու համար, այդ թվում՝ ազգային օրենսդրության համապատասխանեցման միջոցով», – ասաց Անդրեասյանը: 


Նրա խոսքով՝ դրանք ներառում են շահերի բախման կանխարգելումը՝ արգելելով մրցումներում ներգրավված շահառուների խաղադրույքներ կատարելը, ինչպես նաև ներքին տեղեկատվության չարաշահումը: 


Նախագծով խրախուսում է նախատեսվում նաև մարզական կազմակերպություններին՝ ընդունելու և իրականացնելու համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու մեքենայությունների ռիսկի ենթակա մրցումների արդյունավետ մշտադիտարկում, կասկածելի գործունեության անհապաղ զեկուցում համապատասխան մարմիններին: 


Բացի այդ, կոնվենցիայով սահմանված են կարգավորումներ այն անձանց շրջանակի համար, որոնց մասնակցությունը խաղադրույքներին պետք է սահմանաափկվի։ 


«Այն ներառում է արգելքներ խաղադրույքների արտադրանքում ներգրավված անձանց խաղադրույքներ կատարելու, մարզական կազմակերպությունների հովանավորների կամ սեփականատերերի կողմից իրենց դիրքի չարաշահման, ինչպես նաև մրցումների շահագրգիռ կողմերի կամ խաղադրույքների օպերատորների կողմից կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու նկատմամբ», – նշեց նախարարը։ 


Նրա խոսքով՝ քանի որ մեքենայությունները խաթարում են սպորտի էթիկական հիմքերը, կոնվենցիան կարևոր դեր ունի բարոյական չափանիշներն ամրապնդելու գործում: 


Կոնվենցիան նախատեսում է նաև համաչափ միջոցների ամբողջական համալիր՝ դրամական տույժերից մինչև գործունեության արգելք՝ կախված այն հանգամանքից, թե մեքենայությունների ինչ տեսակի մասին է խոսքը: 


Նախարարը հայտնեց, որ նախատեսվում է ստեղծել հսկիչ հանձնաժողով, որը նաև ամեն տարի երկրից զեկույց է ստանալու այնտեղ տիրող իրավիճակի և արձանագրված հարցերի վերաբերյալ: 


Անդրեասյանը նշեց նաև, որ հետագայում օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտություն կլինի: 


Նշենք, որ ՀՀ-ն «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրել է 2014 թվական սեպտեմբերի 18-ին: 2026 թվականի փետրվարի վերջի դրությամբ կոնվենցիան ստորագրել է 44 պետություն:

Leave a Comment