16 մարտի 2026 – 18:08 AMT
PanARMENIAN.Net – «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է 24 ժամից ավելի հոսանքազրկված ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը:
Էլեկտրականության մատակարարումը դեռևս չի վերականգնվել, ՀԷՑ-ը խոստանում է դա անել ժամեր անց:
Ընկերությունից հայտնել են, որ 2026 թվականի մարտի 15-ին՝ ժամը 13։05-ին, Երևանի հիդրոէլեկտրակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումների թիվ 8 բջիջը անջատվել է, ինչի հետևանքով իրականացվել են էլեկտրամատակարարման սխեմայի փոփոխություններ։
«Անջատման պատճառ է հանդիսացել այն, որ «Յուվենթուս» ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքի կառուցապատող կազմակերպությունը, առանց «ՀԷՑ» ՓԲԸ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ համաձայնեցման, ապամոնտաժել և քանդել է տրանսֆորմատորային ենթակայանին կից ակադեմիային պատկանող շինությունը՝ վնասելով ՀԷՑ-ի սեփականություն հանդիսացող տրանսֆորմատորային ենթակայանի պատերը և տանիքը:
Արդյունքում հորդառատ անձրևաջրերի ներթափանցման հետևանքով շարքից դուրս են եկել տրանսֆորմատորային ենթակայանի էլեկտրական սարքավորումներն ու սնող մալուխագիծը, ինչպես նաև էլեկտրամատակարարման շղթայում գտնվող շրջանակաձև սխեմայի 4 ենթակայաններ՝ իրենց ցածր լարման էլեկտրասարքավորումներով և մալուխագծերով, ինչը վերջնարդյունքում հանգեցրել է տեղային խոշորամասշտաբ խափանման:
Այդ պահից հոսանքազրկվել է տվյալ ենթակայանից սնուցվող 6 հասցե (բաժանորդ), այդ թվում՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը:
Մարտի 15-ին՝ սկսած 14:10-ից տեղորոշվել են ՏԵ-1112-ից սնող մալուխագծի և 400 կՎԱ տրանսֆորմատորի վնասվածքները, ինչպես նաև 0.4 կՎ կողմում տեղի է ունեցել կարճ միացում, որի հետևանքով վնասվել է ՏԵ-1754-ում սեկցիոն բաժանիչը, իսկ ՏԵ-1753-ում՝ մուտքային բեռի անջատիչը:
Նոր ի հայտ եկած հանգամանքներով պայմանավորված՝ 15:40-ից լաբորատորիան սկսել է վթարված մալուխագծերի տեղորոշման աշխատանքները, ինչն ավարտել է 20:10-ին:
Ընկերության մալուխներ և սարքավորումներ վերանորոգող բրիգադներն անմիջապես անցել են վերանորոգման աշխատանքների, ավարտելով աշխատանքները մարտի 16-ի վաղ առավոտյան՝ 07:20-ին:
07:20-ից ՏԵ-1112-ը դրվել է լարման տակ, սակայն խափանված մեկուսացման դիմադրության հետևանքով շարքից դուրս են եկել ենթակայանի այլ սարքավորումներ:
Ներկա պահի դրությամբ սարքավորումների և նյութերի մեկուսացման դիմադրության բարձրացման և չորացման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են:
Ժամեր անց բոլոր նշված 6 ուղղությունների էլեկտրամատակարարումը կվերականգնվի:
Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,-ասվում է ՀԷՑ-ի հայտարարության մեջ:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Տեր-Պետրոսյանի տան հոսանքազրկմանը։ «Տարիներով ողջ երկիրը առանց լույս թողած ԼՏՊ-ն տրտնջանցել է, որ մի քանի ժամ վթարի պատճառով առանց լույս է մնացել։ Դե կարևորը ինքն է, ոնց ինքն էր ասում՝ 3 կարտոնի հետևում պաշտպանված, տաք, լուսավոր ու ապահով տեղում։ՀԳ․ Ռուսաստանցի օլիգարխին ուրիշ քծնելու ձև չկա՞ր ․․»,- գրել է Չախոյանը։
Ավելի վաղ Լևոն Տեր-Պետրոսյանն աջակցություն էր հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին՝ նշելով, որ միայն նա կարող է համախմբել ընդդիմությանը: