Մադլեն Շարաֆյանը «Օսկարի» կարմիր գորգին ներկայացել է հայ դիզայների ապրանքանիշի զգեստով

Մադլեն Շարաֆյանը «Օսկարի» կարմիր գորգին ներկայացել է հայ դիզայների ապրանքանիշի զգեստով

16 մարտի 2026 – 18:32 AMT

PanARMENIAN.Net – Ամերիկահայ կինոռեժիսոր Մադլեն Շարաֆյանը «Օսկար» մրցանակաբաշխության կարմիր գորգին ներկայացել է հայ դիզայներ Վարդուհի Թորոզյանի հեղինակած Jocund ապրանքանիշի զգեստով, հայտնում է Radar Armenia-ն։

Շարաֆյանը, որը «Pixar» ստուդիայում լիամետրաժ անիմացիոն ֆիլմ նկարահանած առաջին հայ ռեժիսորն է, արդեն երկրորդ անգամ է առաջադրվել «Օսկար» մրցանակի։ «Էլիո» անիմացիոն ֆիլմը նա համատեղ նկարահանել է Դոմի Շիի և Ադրիան Մոլինայի հետ։ Այսպիսով, Շարաֆյանը դարձել է առաջին հայը և «Pixar»-ի պատմության մեջ լիամետրաժ ֆիլմ նկարահանած երրորդ կին ռեժիսորը։

Համագործակցությունը նաև արտացոլում է Rien-à-Porter հարթակի հիմնական գաղափարը՝ «տեղականը նոր շքեղություն է» սկզբունքը։ Հարթակը ներկայացնում է հայկական մշակութային ժառանգությունն ու ժամանակակից դիզայնը՝ համագործակցելով ընտրված հայ դիզայներների հետ և նրանց ներկայացնելով ինչպես առցանց հարթակում, այնպես էլ Երևանի Պուշկինի 35 հասցեում գործող իր հիմնական տարածքում։

Թորոզյանի խոսքով՝ զգեստը ոչ միայն ընդգծում է Շարաֆյանի արտաքին գեղեցկությունը, այլև արտահայտում է այն արժեքներն ու տեսլականը, որոնք նա ներկայացնում է որպես ստեղծագործող։

Այս ելույթով հայկական կինոն, նորաձևությունն ու մշակութային ստեղծարարությունը միավորվել են «Օսկարի» բեմում՝ հայկական դիզայնը ներկայացնելով աշխարհի ամենահայտնի հարթակներից մեկում։

Ամերիկյան կինոակադեմիայի 98-րդ մրցանակաբաշխությունում Մրցանակների քանակով երկրորդ տեղում է «Մեղսագործները» (Sinners) ֆիլմը՝ 4 արձանիկով, որի պրոդյուսերներից է ամերիկահայ Սև Օհանյանը: «Մեղսագործները» սարսափ ֆիլմը սահմանել էր ռեկորդ՝ առաջադրվելով 16 անվանակարգում։ Ֆիլմը «Օսկար» է ստացել «լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում, իսկ ֆիլմում նկարահանված Մայքլ Բ. Ջորդանը ճանաչվել է տարվա լավագույն դերասան:

Leave a Comment