Հայաստանի ԱԳՆ խուսափում է ասել, որ այդ բեռնատար օդանավով ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվել Ադրբեջան. Հակոբ Բադալյան

Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ Հայաստանի օդային տարածքով Անկարայից դեպի Բաքու, իսկ հետո Բաքվից դեպի Ալժիր թռած C-130J-ը՝ ըստ թռիչքն իրականացնող կողմի տրամադրած տեղեկատվության, թռել է Բաքու դիվանագիտական նպատակով: Օդանավը պատկանում է Ալժիրի ռազմաօդային ուժերին:

«Հայաստանի օդային տարածքով Բուֆարիկ-Բաքու երթուղով C-130J օդանավի թռիչքը, համաձայն իրականացվող կողմի տրամադրած տեղեկության, կայացել է դիվանագիտական նպատակներով», ասում է Հայաստանի ԱԳՆ:

C-130J օդանավը բեռնատար ռազմական օդանավ է, այսպես ասած հայտնի «Հերկուլեսն» է, որը նախատեսված է ռազմական տեխնիկա, բեռներ, զինվորներ տեղափոխելու համար:

Մեղմ ասած զարմանալի է, երբ այդ հսկա ռազմական բեռնատար օդանավը օգտագործվում է դիվանագիտական նպատակով: Դիվանագիտական նպատակով օգտագործելու ենթակա ավելի «համեստ» օդանավ չկա՞ր, որ պետք էր օդ բարձրացնել այդ հսկա բեռնատարը:

Մեծ հավանականությամբ, Հայաստանի ԱԳՆ պարզապես խուսափում է ասել, որ այդ բեռնատար օդանավով Հայաստանի երկնքով ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվել Ադրբեջան: Ըստ այդմ ասվում է, թե իբր թռիչքն իրականացնող կողմը ասել է, որ այն դիվանագիտական նպատակով կատարվող թռիչք է:

Եթե օրինակ թռիչքն իրականացնող կողմը հայկական կողմին հայտներ, որ ռազմական բեռնափոխադրումների համար նախատեսված այդ հսկա օդանավով տնային կենդանիներ են տեղափոխում Բաքու՝ Հայաստանի երկնքով, Հայաստանի ԱԳՆ լուրջ դեմքով ներկայացնելու էր հայաստանյան հանրությանը ա՞յդ պատասխանը:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

Leave a Comment