Քոչարյան. Կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը

Քոչարյան. Կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը

17 մարտի 2026 – 10:58 AMT

PanARMENIAN.Net – «Հայաստան» դաշինքը կողմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը, սակայն այն պետք է հիմնված լինի ոչ թե «հորս արև» մոդելի, այլ իրական երաշխիքների վրա», հայտարարել է դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Նա նաև նշել է, որ դաշինքը տրամադրված է վճռականորեն և նպատակ ունի հասնել հաղթանակի, հայտնում է Panorama.am-ը:

«Մենք ապրում ենք տարօրինակ ժամանակներում, երբ մեզ համոզում են, որ մեր հարուստ պատմությունը բեռ է, որը խանգարում է մեզ, այլ ոչ թե առաջ շարժվելու հենարան է, որ հայրենասիրությունը հնացած հասկացություն է, որը վնասակար է հայի ստամոքսի համար, որ ինքնությունը մեր էությունը չէ, այլ սեզոնային նորաձևություն, որը կարող է փոխվել տարին մի քանի անգամ…

Մենք «Ո՛չ» ենք ասում այս վտանգավոր թյուրըմբռնումներին։ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, մեր պատմությունը և մեր հայրենասիրությունը ժամանակակից և հզոր երկիր կառուցելու շարժիչ ուժն են։

Այսօր աշխարհը քաոսի է վերածել, աշխարհակարգը փլուզվել է, իսկ նորը դեռ չի ձևավորվել։ Ամենայն հավանականությամբ, նոր աշխարհակարգը որոշ ժամանակով կհանգեցնի ջունգլիների օրենքի։ Այս պայմաններում անվտանգության ապահովումը մնում է Հայաստանի հիմնական առաջնահերթություններից մեկը»,-ասել է Քոչարյանը:

Նա հավելել է, որ Հայաստանին անհրաժեշտ են ուժեղ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից՝ բոլոր սպառնալիքները համատեղ չեզոքացնելու համար։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի, հասկանալի և մերժի մեծ տերությունների միջև տարաձայնությունները շահագործելու գաղափարը։

«Հենց այս մոտեցումն էր, որ իմ նախագահության ընթացքում ապահովեց Հայաստանի ամենահանգիստ տարիները։ Այսօր հայտարարում եմ, որ կարող եմ ապահովել մեր անվտանգություն մոդելի բացարձակ հուսալի ձևաչափ…

Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե «հորս արև» մոդելի, այլ իրական երաշխիքների վրա։ Սա հատկապես կարևոր է, երբ աշխարհում ուժի գերակայությունը փոխարինել է օրենքի գերակայությանը։

Մեր նպատակն է դառնալ Հարավային Կովկասի ամենաարդյունավետ և կազմակերպված պետությունը։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք գրավիչ լինել գերտերությունների, դաշնակիցների և գործընկերների համար։ Միայն այդ դեպքում մեր իրավունքները պատշաճ կերպով կհարգվեն։ Ազգային շահերը մի լուսանկարի համար վաճառելը նվաստացուցիչ և հանցավոր է»,-հայտարարել է Քոչարյանը։

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսված է անցկացնել 2026 թվականի հունիսի 7-ին։

Մասնակցության մասին արդեն հայտարարել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ «Նոր ուժ» կուսակցությամբ, ինչպես նաև ՀԱԿ-ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, և «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու մասին պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որը փորձել է իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը դարձնել ընդդիմադիր ուժերի համար «նոյյան տապան», ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։

Leave a Comment