Ի Սկզբանէ՞ Այսպէս Է Եղել, Թէ՞… – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Չգիտեմ, ի սկզբանէ՞ այսպէս է եղել` աշխարհում սուտն ու կեղծիքն է տիրել, իւրաքանչիւր սերունդ ապրել է մի քանի պատերազմների արհաւիրք, թէ՞ աշխարհն է խենթացել, մարդկութիւնն է անտարբեր դարձել իր շուրջ բռնկուող պատերազմներին, ցեղասպանութիւններին…

Դեռ քանի՞ սերունդ պիտի խեղաթիւրուի կեղծ տեղեկութիւններով, հասունանայ ու առաջնորդուի սուտի քարոզչութեամբ: Յիշում եմ` ի՜նչ հաւատով էինք վերաբերւում «Պի.Պի.Սի.»-ի լուրերին, որն այսօր շնորհիւ անկախ լրատուութիւնների` արժեզրկուած է ամբողջովին: Սակայն սուտի քարոզչութիւնը դեռ իշխում է աշխարհում` դրանով առաջնորդելով մարդկութեանն ամէնուրեք:

Ե՞րբ, ե՛րբ է աշխարհը մաքրուելու այս բորբոսնած կեղտից, իրար յօշոտելու մոլուցքից: Եւ արդեօք կը գա՞յ այդ երջանիկ պահը…

Իսկ մինչ այդ ինչպէ՞ս, ինչպէ՞ս հանգիստ ունենալ եւ շարունակել կեանքը սովորական առօրեայով, երբ աշխարհում պատերազմ է, եւ դու հայ ես, իսկ հայն ամէնուր է, ուր յատկապէս պատերազմ է ու աւեր:

Այսօր աշխարհում կրկին պատերազմ է, մահ ու աւեր, ռումբեր են պայթում, մի ակնթարթում դպրոցներ, հիւանդանոցներ, ծերանոցներ, բնակելի շէնքեր ու փողոցներ են փոշու վերածւում, մարդկային զոհերը սովորական արհամարհուած թիւ են դառնում պատերազմը սանձազերծողների համար: Եւ այդ ահռելի արհաւիրքը ոչ միայն մէկ երկրում է, երկրագնդի մի հեռաւոր ծայրում, այլ մէկը անմիջական մեր կողքին, մեր սահմանակից, մեզ հարեւան երկրում` Իրանի Իսլամական Հանրապետութիւնում է, իսկ միւսը` մեր ժողովրդի համար երկրորդ հայրենիք դարձած Լիբանանում:

Աշխարհակալ Ամերիկայի եւ ցեղասպան Իսրայէլի համատեղ զօրակցութեամբ, աշխարհին տիրելու իրենց փառասիրութեամբ, իրենց հնարած անվերջ փոփոխուող ստերով, կեղծ մեղադրանքներով, փորձում են ոչնչացնել երկարատեւ տարիներ պատերազմներով, միջազգային բազում արգելքներով իր երկրի տնտեսութիւնն ու ամբողջականութիւնը կայուն պահպանող Իրանի Հանրապետութեանը եւ խաղաղ ապրող Լիբանանի բնակչութեանը:

Հզօրագոյն Ամերիկան, որն ամէնուրեք իր կամքն է թելադրում բոլոր երկրներին, տարբեր միջոցներով պարտադրում իրեն ենթարկուել ու ամէնուրեք իր նպատակին է հասնում, այս անգամ էլ պատերազմի բոլոր օրէնքները արհամարհելով, բանակցութիւնների կէսին, չկասկածելով անգամ, որ անմիջապէս ծնկի է բերելու աշխարհի համար, ըստ իրենց, «վտանգ» ներկայացնող, յետամնաց համարուող, ծայրայեղական հոգեւոր առաջնորդով ղեկավարուող Իրանի պետութեանն ու ժողովրդին, նենգ յարձակումով նրանց ոչնչացնելով, մէկ հարուածով վերջնականապէս Միջին Արեւելքի հարցը կը լուծի:

Սակայն ի զարմանս իրեն եւ ողջ աշխարհի, պարզուեց, որ իրենց անուանած «յետամնաց», քոսթիւմ ու փողկապ չկրող, մօրուքաւոր, ըստ իրենց, վայրագ մոլլաներով առաջնորդուող Իրանը ամենեւին էլ յետամնաց ու վայրագ չէ, այլ աւելի առաջադէմ է իր ռազմական ուժով, պետական կառոյցով ու որպէս երկիր` իր մտածողութեամբ, իր արժէքներով, քան` Ամերիկա եւ Եւրոպան:

Ամերիկան իր սովորական միջոցների օգտագործումով, որով երկար տարիներ յաջողութեան է հասել, ցանկացած երկրում` իր գործակալ Սի. Այ. Էյ.ի օգնութեամբ գունաւոր յեղափոխութիւններ կազմակերպելով` Եգիպտոսում, Ուքրանիայում, Հայաստանում եւ այլուր, կամ երկրի ղեկավարների գիշերային առեւանգումով  ի դէմս` Վենեզուելայի երկրի հարստութեանը տիրացել, Իրանի ժողովրդին էլ նոյն խաբէութեամբ դիմելով, ոտքի հանելով` ազատագրելու տիրող իշխանութեան լծից, այսօր կոտորում է նոյն այդ ժողովրդին` չխնայելով մեծ ու փոքր, նոյնիսկ` դպրոցական երեխաներին:

Աշխարհը ականատես եղաւ 168 աշակերտների անմիջականօրէն դպրոցում, դասապահին, ուսուցիչների հետ միասին, նոյնիսկ փլատակներից նրանց ազատագրողների վրայ ռմբակոծելով եւ դեռ յայտարարում է, որ ժողովուրդը միանայ իրեն, շարունակի ներսից քանդել երկիրը: Իսկ զաւեշտալին այն է, որ իր հպարտանքը Խամենէի վարչակարգի վերացումը նրա դաւադիր սպանութեամբ, ոչ միայն չյաջողուեց, այլ այդ վարչակարգը նոյն անուամբ շարունակւում է նրա որդու` Մոջթաբա Խամենէի ղեկավարութեամբ նոր կեանք առած, որը ականատես է եղել իր ընտանիքի բնաջնջմանը, ուր ինքն էլ է վիրաւորուել:

Այո՛ կեանքը զարմանալի անկանխատեսելի շրջադարձեր ունի, եւ ոչ մէկը գալիքը չի կարող կանխատեսել:

Եւ, այնուամենայնիւ, իրեն անպարտելի համարող մի պետութիւն որքան անպատկառ պիտի լինի, որ պատերազմը գաղտագողի սկսի, այն էլ` բանակցութիւնների կէսին, երկրի հոգեւոր առաջնորդի եւ ողջ ղեկավարութեան դարանակալ սպանութեամբ, ռմբակոծումներով քարուքանդ անի` միաժամանակ երկրի տարբեր քաղաքների նոյնիսկ հիւանդանոցները, հրշէջ կայանները, հեռուստատեսային կայանները, դպրոցները, տներն ու փողոցները, որ ժողովուրդը օգնութեան հնարաւորութիւն չստանայ, եւ դեռ յայտարարի, որ դա պատերազմ չէ, այլ ընդամէնը շրջապտոյտ է իր համար: Եւ իրեն հարցնող չկայ, արդեօք որքա՞ն վայելք ստացաւ իր կազմակերպած շրջապտոյտից: Ահա բարոյական դիմագիծը այն երկրի, որի առաջ մինչ այսօր աշխարհն էր խոնարհւում, որը փորձում է այս պատերազմով կոծկել Իսրայէլի իշխանութեան հսկողութիւնը իր պետական կառոյցում եւ իր երկրում:

Այս ամէնի մէջ իմ մտահոգութիւնը Իրանի եւ Լիբանանի ժողովրդի հետ միաժամանակ նաեւ մենք ենք, հայութիւնն ամբողջ` մեր անապահով պետականութեամբ, մեր անտարբեր ժողովրդով, անյայտ ճակատագրով:

Ինչպէ՞ս կարելի է հայ լինել եւ այս օրերին չմտահոգուել ոչ միայն մեր հայրենակիցների կեանքին սպառնացող վտանգով, այլ` ընդհանրապէս այն երկրների ճակատագրով, ուր հսկայական թուով հայութիւն ունենք, որոնց այդ երկրների իշխանութիւնները տեղ են տուել, առանց խտրականութեան դարեր ու տարիներ ներառել են իրենց մէջ, հոգ են տարել, ազատութիւն են տուել մեր դպրոցներն ու եկեղեցիները, մեր օրաթերթերն ու մշակութային, մարզական, ընկերային հաստատութիւնները հիմնելու, հայ սերունդ աճեցնելուն: Դեռ աւելի՛ն, իրենց հողերում պահպանել, իրենց դրամներով վերանորոգել են մեր հոգեւոր հաստատութիւններն ու մշակոյթի կոթողները, ինչպէս` Ս. Ստեփանոս, Ս. Թադէոս վանքերի, Ձորձորի մատուռի վերանորոգումը  Իրանում, իրենց իշխանութեան ձեռքով, երբ ինքներս մեր հողերում, մեր իսկ պետականութեամբ շատերն ենք ոչնչացրել, որից մէկն էլ Սպանդարեանի ջրամբարի կառուցման ժամանակ չփրկեցինք նրա տակ մնացող եկեղեցին, չհաշուած մեր տասնեակ մատուռներն ու հրաշալի կոթողները անտարբերօրէն գոմեր ու պահեստներ դարձրինք, վերանորոգուածներն էլ անտարբերօրէն թշնամուն նուիրեցինք:

Նոյն Իրանը, որն այս օրերին ծանր ռմբակոծումների տակ է, իր ժողովրդի հետ պաշտպանում է նաեւ մեր հայ համայնքին, ուր վնասներ են հասցուել նոյնպէս: Պայթող ռումբերից հայկական թաղամասեր են վնասուել, Հայ ազգային մշակոյթի տունը` նոյնպէս: Նոյնը Լիբանանում:  Իսկ մենք չենք էլ մտածում նրանց մասին, մենք ընդհանրապէս կարծես կորցրել ենք վտանգը նախատեսելու մեր բնածին կարողութիւնը, որովհետեւ իւրաքանչիւր հայ, որ մտահոգ է իր աշխարհասփիւռ ժողովրդի ճակատագրով, որոնք այս պահին անուղղակիօրէն ներգրաւուած են այդ երկրների պատերազմներում, որոնք ապաստարաններ են փնտռում այս պահին, իրենց եւ իրենց զաւակների, ընտանիքների կեանքերի համար, անքուն գիշերներ, վտանգուած վայրկեաններ ապրում, չի կարող հանգիստ ունենալ, քանզի այդ պատերազմներից մէկը  նաեւ անմիջականօրէն մեր գլխին է կախուած:

Սակայն մեր հոգը չէ, քանի որ շուտով «Թրամփի ուղի»-ն է բացուելու, խոստացեալ շատ դրամներ են երկիր ներմուծուելու, ընտրութիւններ են լինելու, որի համար մեր թափթփուկ ղեկավար կոչեցեալը, առանց դոյզն իսկ ամօթի, իր միջոցով փոքրացած մեր երկրի քարտէսը այս անգամ էլ գրպանից հանած, կրծքանշան դարձրած` դռնէ դուռ թափառում է իր վերընտրութեան համար ձայն մուրալով, այդ ընթացքում  արհամարհելով ներկայանալ իրանական դեսպանատուն իր կրծքանշանը դարձրած երկրի եւ իրեն հպատակ ժողովրդի կողմից ցաւակցութիւն գրելու: Չէ՞ որ մեր հարեւան երկիրը այսօր ռումբերի տարափի տակ է ապրում, 6-12 տարեկան երեխաների սարսափելի մահն է սգում, իսկ մեր ոչնչութեանը հպատակ ժողովուրդը շարունակում է հնազանդօրէն նրա վոհմակի մասը կազմել, այդ դաւաճանի ձեռքը սեղմել, հիւրասիրել ու ամենակարեւորը` իր տօնակատարութիւններից ետ չմնալ:

Իրապէս նողկալի էր տեսնել, թէ ինչպէ՛ս մարտի 8-ի Կանանց միջազգային տօնի օրը, երբ անմիջական հարեւան երկրում ռումբերի տարափ էր տեղում, մեր մայրաքաղաքում ծաղիկներ էին շաղ տալիս ձիւնախառն անձրեւոտ մայթերին, իբր թէ շատ են յարգում հայ կանանց, որոնց երբեք չեն ծեծում, երբեք չենք հայհոյում ու երբեք խտրականութեան չենք ենթարկում: Այնինչ նոյն պահին հազարաւոր հայորդիներ, Իրանից մինչեւ Լիբանան, կեանքի ու մահուան վտանգի մէջ մխրճուած, փորձում էին իրենց եւ մեր հրկիզուող հաստատութիւնները փրկել:

Իրապէս սիրտս արիւնում է, երբ տեսնում եմ, թէ աշխարհի կողմից արհամարհուած, տգէտ ու բռնակալ յայտարարուած Իրանի մարտիրոսուած, հանգուցեալ հոգեւոր առաջնորդը ինչպիսի՛ իմաստութեամբ է ղեկավարել այդ 90 միլիոնանոց, տարբեր ազգերի խառնուրդով լի իր երկիրը, տնտեսական աննկարագրելի դժուարութիւնների մէջ, 40 երկար ու ձիգ տարիներ միջազգային ծանր արգելքների, մինչեւ իսկ` դեղորայքի արգելքով, թշնամիներով շրջապատուած, լուռ, գլուխները կախ հիմնել են հաստատուն, հայրենանուէր, բարձրագոյն կարգապահութեամբ պետականութիւն, իմաստուն հեռատեսութեամբ, որը գալիս է` իրենց դարաւոր հողին կապուածութիւնից, այն ամբողջական պահելու, պաշտպանելու կամքից, սահմանադրական օրէնքներից, ամենակարեւորը` հասկանալով թշնամիներով շրջապատուած լինելը, զարկ են տուել, ստեղծել ժամանակակից ռազմական ապշեցուցիչ ուժ ու գիտութիւն, որն այսօր միայնակ դիմակայում է աշխարհի հզօրագոյն երկրների յարձակմանը` իր պատուաբեր բարձրութեամբ:

Իսկ մենք այսպիսի հարեւան ունենալով, նրանից սովորելու փոխարէն, մեր 30-ամեայ յաղթանակը ազգովին ոչնչացրինք, մեր անյաղթահարելի բանակը կազմալուծեցինք` մեր ճակատագիրը յանձնելով մեր արտաքին եւ ներքին թշնամուն:  Եւ մինչ այսօր, արդէն 8 տարիներ, մի իրական ոչնչութեան զոհը դառնալով, թշնամու ոտնատակը լիզելով, դեռ զոհաբերւում ենք` ի շահ թշնամու հետ կնքած իր համաձայնութիւնների հերթական շարանի:

Յատկապէս հիմա իւրաքանչիւր գիտակից հայ ամօթ ու վիրաւորանք պիտի զգայ ոչ միայն մեր կառավարութեան կազմի համար, որը միայն թերի ուսումով մէկ անձի, այն էլ` ոչ հայութեան շահերին ծառայող անձի, իշխանութիւն է, անուղեղ հպատակներով շրջապատուած, այլ` երկիրը դէպի կործանում տանող նրա քաղաքականութեան համար:

Հետեւէք նաեւ, թէ միջազգային հարթակներում որո՛նք են մեր երկրի, մեր ժողովրդի շահերը ներկայացնող-«պաշտպանողները», մեռելատիպ միրզոյեաններն ու թշնամուն շնորհակալութիւն յայտնող խաչատուրեանները, որոնք անընդունակ են ինքնուրոյն որեւէ բառ անգամ արտաբերելու: Մէկ անձի իշխանութիւնը հիմա էլ կաթողիկոսին ժամանակաւորապէս մոռացած, միջամտում, գործից ազատում է Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի տնօրէնին, Ճէյ. Տի. Վանսին յուշահամալիր ուղեկցելու, նրա հետ Արցախի մասին խօսելու, գիրք նուիրելու համար:

Այս օրերին, որպէս պետութիւն, երկիր, պատերազմի մէջ գտնուող մեր հայրենակիցներին երկիր տեղափոխելու, նրանց ապահովութեան մասին մտածելու փոխարէն` շրջանառւում է 300 հազար ազրպէյճանցիների վերադարձը մեր տարածքում: Սա է մեր այսօրուայ իշխանութեան կեցուածքը:

Բայց մեր ժողովուրդը, միեւնոյն է, ոգեւորուած է, որ վերջապէս այս թափթփուկի օրօք օտար բարձրաստիճան հիւրերն են յաճախակի այցելում մեր երկիր, չէ՞ որ մենք պաշտում ենք օտարներին` առանց նոյնիսկ մտահոգուելու, թէ ինչո՞ւ յանկարծ մեր երկրի մասին յիշեցին նրանք, եւ ի՞նչ են նրանց ծրագրերը:

Ուզում եմ յաւելեալ անգամ յիշեցնել, որ այս վերջին նախընտրական 2 ամիսները շատ կարեւոր են մեր ժողովրդին լուսաբանելու, բացայայտելու ոչ միայն այդ բարձրաստիճան օտարների յետին ծրագրերը, այլ մամուլի, յատկապէս արտերկրի տարբեր անկախ հաղորդագրութիւնների միջոցով ժողովրդին ներկայացնել այն բոլոր խարդախութիւններն ու արտաքին թշնամու հետ կնքած ազգակործան համաձայնութիւնները, որ արուել է 8 տարիների ընթացքում այս իշխանութեան կողմից եւ թաքցուել, այլ կերպ է ներկայացուել: Մեզնից իւրաքանչիւրի, որ մտահոգ է իր երկրի ամբողջական յարատեւման համար, պարտքն է լուռ չմնալ, բարձրաձայնել, թէկուզ իր պարզ բառերով, բայց` իր հոգու ճիչով:

Դրա համար մեծ աշխատանք ունեն ոչ միայն մեր անկախ լրագրողներն ու վերլուծաբանները, այլ` մեր մտաւորականներն ու այն բոլոր հաստատութիւնները, որոնք մտահոգ են որպէս անկախ երկիր մեր գոյատեւման համար:

Այս ամէնի հետ միաժամանակ, դատապարտելով ամերիկա-իսրայէլեան յարձակումը, պատերազմը` խաղաղ ապրող մեր հարեւան երկրի Իրանի վրայ, սրտի տրոփիւնով հետեւում ենք ու իրենց եւ նոյնպէս Լիբանանի ժողովրդի ու մեր հայ համայնքների անվտանգութեանը:

Մաղթում ենք`  խաղաղութիւն տիրի ամէնուրեք, աւերն ու մահերը վերջնականապէս հեռանան, մարդկութիւնը մի փոքր շունչ քաշի:

Մարտ 2026

Leave a Comment