Ժոան Լապորտան կրկին հաղթանակ է տարել «Բարսելոնայի» նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
63-ամյա Լապորտան հավաքել է ձայների 68,18 %-ը (32 934 քվե)՝ վստահորեն առաջ անցնելով իր միակ մրցակցից՝ Վիկտոր Ֆոնտից, որի օգտին քվեարկել է ընտրողների 29,78 %-ը (14 385): 53-ամյա Ֆոնտի համար սա երկրորդ պարտությունն էր Լապորտայից 2021 թվականի ընտրություններից հետո։
«Այս ապշեցուցիչ արդյունքը մեզ այնքան ուժ կտա, որ մեզ ոչինչ չի կանգնեցնի: Մենք կշարունակենք պաշտպանել «Բարսելոնան» հակառակ ամեն ինչի»,- նշել է նախագահը:
Հիշեցնենք, որ Լապորտան «Բարսելոնան» ղեկավարում է 2021 թվականից: Նախկինում նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 2003-2010 թվականներին։ Այդ ժամանակահատվածներում նրա ղեկավարությամբ թիմը վեց անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ նվաճել երկրի Գավաթը, երկու անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես նաև մեկական անգամ հաղթել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում։