Հրթիռների և ռումբերի պայթյունների, ինչպես նաև նավթի պահեստներում հրդեհների պատճառով մթնոլորտում առաջանում են թունավոր նյութեր, որոնք վտանգավոր են առողջության համար: Դրանք տասնամյակներ շարունակ մնում են օդում, հողում և ջրում, և դրանք վերացնելը թանկ է ու դժվար: Bloomberg-ը գրում է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառած բնապահպանական վնասը երկար ժամանակ չի վերանա։
Սև անձրև, օդի, հողի, ջրի աղտոտում․ պատերազմը Մերձավոր Արևելքում, ռազմականից բացի, նաև բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջացրել։ Բնապահպաններն արձանագրում են, որ պատերազմի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա դեռ երկար կպահպանվի։ Վտանգված են մարդիկ ու էկոհամակարգերը։ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով հակամարտությունների և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությամբ զբաղվող բրիտանական Conflict and Environment Observatory կազմակերպության զեկույցը, գրում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով արդեն իսկ ավելի քան 300 միջադեպ է գրանցվել, որոնք վտանգավոր են շրջակա միջավայրի համար․
Bloomberg-ն ընդգծում է, որ Թեհրանը Էլբուրսի լեռների ստորոտին է, որոնք թույլ չեն տալիս, որ օդն ազատ շրջանառվի, և վնասակար նյութերը մնում են այդ տարածքում։ 35 տարի առաջ Իրանի մայրաքաղաքում նման իրավիճակ արդեն ստեղծվել էր. Քուվեյթի հարյուրավոր նավթահանքերում հրդեհներ էին բռնկվել: Այդ ժամանակ Թեհրանի վրա մրի, ածխաջրածինների և ծծմբի երկօքսիդի ամպեր էին կախվել: Նավթի պահեստների և վերամշակման գործարանների վրա վերջերս կատարված հարձակումները հաշվի առնելով՝ փորձագետները կանխատեսում են, որ պատերազմը շարունակվելու դեպքում քաղաքացիական և կրկնակի օգտագործման ենթակառուցվածքները ավելի հաճախ կհայտնվեն հրթիռակոծության թիրախում:
«Թեև հարձակման ենթարկված շատ ռազմական օբյեկտներում երկրորդային պայթյուններ և հրդեհներ են նկատվում, դրանք հազվադեպ են ոչնչացնում բոլոր վտանգավոր նյութերը և արող են առաջացնել լրացուցիչ աղտոտում: Հավանական աղտոտիչները ներառում են վառելիք, յուղեր, ծանր մետաղներ։ Հրդեհները կարող են արտանետել դիօքսիններ և ֆուրաններ»:
Փորձագետները նշում են, որ Իրանի, Լիբանանի և Ծոցի երկրների շատ ռազմական օբյեկտներ բնակավայրերի մոտ են, և դա մեծացնում է հակամարտության հետևանքով առաջացած աղտոտիչների ազդեցության վտանգը: Սև ածխածնի փոքր մասնիկները կարող են խոր թափանցել թոքերի մեջ։ Ըստ Bloomberg-ի՝ Թեհրանից ստացված հաղորդագրությունները վկայում են թունավոր թթվային անձրևների մասին:
«Այս երևույթը առաջանում է ծծմբով հարուստ «թթու» հում նավթի այրումից, երբ ծծմբի երկօքսիդը արտանետվում է մթնոլորտ՝ անձրևի կաթիլներում վերածվելով ծծմբական թթվի: Կախված խտությունից՝ ծծմբական թթվի ազդեցությունը գրգռում է աչքերը և շնչառական ուղիները, բայց հաճախ դժվար է այդ ազդեցությունները տարանջատելը»։
Մասնագետները երկրորդային ազդեցության վտանգ նույնպես տեսնում են։ Դա կառաջանա այն դեպքում, երբ քամու միջոցով տարածվեն թունավոր նյութերը։ Սա արդեն ոչ միայն Իրանում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Օդի սուր աղտոտվածության դեպքերը ազդում են հատկապես առողջական խնդիրներ ունեցող մարդկանց վրա: Շնչառական, սիրտանոթային հիվանդություններից և շաքարախտից տառապող անձինք բարձր ռիկսային խմբում են հայտնվել։ Ավելացել է շնչառական խնդիրների համար շտապօգնության կանչերի, բուժհաստատություններ տեղափոխելու ու մահվան դեպքերի թիվը։
Նավթի պահեստարաններից արտահոսքերը վնասում են և՛ խմելու, և՛ ոռոգման ջուրը։
Ըստ ուսումնասիրության՝ թունավոր նյութերի ազդեցությունը զգում են նաև Թեհրանից բավական հեռու բնակավայրերում։ Փորձագետները կանխատեսում են, որ օդային զանգվածը կշարժվի հյուսիս-արևելք։ Նստվածքային մրի վտանգի տակ կարող են հայտնվել Ալթայի Ոսկե լեռները, որտեղ սառցադաշտեր կան: Իրանի նավթային օբյեկտներին Իսրայելի հարվածներից հետո Կարմիր մահիկի կազմակերպությունը նախազգուշացրել էր, որ Թեհրանում թունավոր կամ թթվային անձրևների վտանգ կա։
Մարտի 8-ի առավոտյան 10 մլն բնակչություն ունեցող Թեհրանում տեղացած անձրևից հետո քաղաքային իշխանությունները նույնպես զգուշացրել էին թունավոր թթվային արտանետումների վտանգի մասին։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ մշտադիտարկում են մթնոլորտային պայմանները, և յուրաքանչյուր փոփոխության դեպքում կտեղեկացնեն հանրությ