Իրանի պատերազմը «թանկացնում է աշխարհը». ցնցումներ նավթայինից մինչև սննդային շուկաներում

Մերձավոր Արևելքի իրավիճակը լուրջ ազդեցություն է թողնում համաշխարհային շուկաների վրա։ Նավթի գների աճը կարող է շղթայական թանկացումների պատճառ դառնալ՝ ազդելով ոչ միայն էներգակիրների, այլև սննդի, ավիափոխադրումների և ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա։ Ինչպես հայտնում է BBC-ն, տնտեսագետներն ու միջազգային կազմակերպությունները զգուշացնում են, որ հակամարտության երկարաձգման դեպքում աշխարհը կարող է բախվել նոր, աննախադեպ տնտեսական ճգնաժամի։

Իրանը շարունակում է հարձակումների թիրախում պահել Մերձավոր Արևելքում նավթային ենթակառուցվածքները՝ զուգահեռաբար մեղմելով Հորմուզի նեղուցի սահմանափակումները, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 %-ը:  

Իրանը չի փակել Հորմուզը. նեղուցով անցումն արգելված է միայն ԱՄՆ-ի և Իսրայելի լցանավերի համար՝ օրերս հայտարարել էր Իրանի արտգործնախարարը։ Այդ ընթացքում ԱՄՆ նախագահը դիմել էր իր միջազգային գործընկերներին՝ առաջարկելով ռազմանավեր ուղարկել նեղուց՝ առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու համար։

Բոլոր այն երկրները, որոնք նավթ են ստանում Հորմուզի նեղուցով, պետք է քայլեր ձեռնարկեն այդ հատվածով նավագնացության վերաբացման համար՝ սոցցանցերում գրել էր Թրամփը։ Բազմաթիվ երկրներ, սակայն, այս պահին ձեռնպահ են մնում գործողություններից։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիան կասկածում է, որ Հորմուզում անվտանգություն ապահովելու քայլերն արդյունավետ կլինեն։ Ճապոնիան և ԵՄ-ն հայտարարում են, որ դեռ պետք է քննարկեն, թե ինչ կարող են անել Հորմուզի նեղուցը բաց պահելու հարցով։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ԵՄ արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ կառույցի դիրքորոշումն այսպես է ձևակերպել․

«Մեր շահերից է բխում Հորմուզի նեղուցը բաց պահելը, և այդ պատճառով մենք նաև քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել այս առումով եվրոպական կողմից»։

Պատերազմի հետևանքով արդեն խափանումներ են արձանագրվել համաշխարհային էներգետիկ շուկայում։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ դադարել են նավթի և նավթամթերքի մատակարարումները, որոնք անցնում էին Հորմուզի նեղուցով՝ համաշխարհային շուկայի համար կարևորագույն ծովային ճանապարհներից մեկով։ Ահա թե ինչ է հայտարարել Միջազգային էներգետիկ գործակալությունը.

«Մերձավոր Արևելքում պատերազմը հանգեցրել է համաշխարհային նավթային շուկա հումքի մատակարարումների պատմության մեջ ամենախոշոր խափանումներից մեկին։ Մինչև ծովային փոխադրումների վերականգնումը կորուստները միայն կավելանան»։

BBC-ի հաղորդմամբ՝ պատերազմի հետևանքով խափանվել է համաշխարհային շուկա նավթի և նավթամթերքի մատակարարման գրեթե 15 %-ը։ Բացի դրանից՝ Պարսից ծոցի տարածաշրջանում նավթի արդյունահանումն ու վերամշակումը հիմնականում կանգ են առել։ Վերլուծաբանների կարծիքով՝ որքան երկար շարունակվի հակամարտությունը, այնքան մեծ կլինեն էներգետիկ ենթակառուցվածքների վնասները՝ նավթատարների, նավահանգիստների և նավթավերամշակման գործարանների վրա հնարավոր հարվածների պատճառով։

Միջազգային փորձագետները կարծում են, որ նույնիսկ Հորմուզի նեղուցի վերաբացումից հետո նավթի գները երկար ժամանակ չեն վերադառնա նախապատերազմյան մակարդակին։ Այս պահին Brend տեսակի նավթի գինը հասել է մոտ 107 դոլարի։

Նավթի թանկացմամբ պայմանավորված՝ աճել են դիզելային և ավիացիոն վառելիքի գները, ինչն ազդել է համապատասխանաբար գյուղատնտեսության և բեռնափոխադրումների վրա։ BBC-ի տվյալներով՝ մարտի սկզբի դրությամբ ավիացիոն վառելիքի գները Սինգապուրում եռապատկվել են, իսկ Եվրոպայում աճել են ավելի քան երկուսուկես անգամ։

Պատերազմը լուրջ խնդիրներ է ստեղծել նաև ավիափոխադրումների ոլորտում։ Մերձավոր Արևելքը Եվրոպայի և Ասիայի միջև տարանցման հիմնական  ուղին է, սակայն այժմ այդ օդային տարածքը փակ է, ինչի պատճառով ավիաընկերությունները ստիպված են ավելի երկար երթուղիներով թռչելու։ Այդ ամենի պատճառով կտրուկ աճել են նաև ավիատոմսերի գները։ Bloomberg-ի հաշվարկներով, օրինակ, Սիդնեյից Լոնդոն թռիչքը կրկնակի է թանկացել, իսկ Սինգապուրից Լոնդոն՝ մոտ երեք անգամ։ BBC-ի հետ ավիացիոն ոլորտի վերլուծաբան Բրայան Թերին փոխանցել է.

«Գներն աննախադեպ են, որովհետև պահանջարկը չի նվազել, իսկ որոշ երթուղիներում տեղերի քանակը նվազել է գրեթե երկու անգամ»։

Միաժամանակ աճում են նաև բենզինի գները։ Միացյալ Նահանգներում պատերազմի առաջին տասնմեկ օրերի ընթացքում բենզինն արդեն թանկացել է մոտ 20 %–ով։

ՄԱԿ-ը նույնպես նախազգուշացնում է, որ հնարավոր է՝ պատերազմը հանգեցնի նաև համաշխարհային պարենային աննախադեպ ճգնաժամի։ Կառույցի փորձագետները նշում են․

«Նավթի գնի բարձրացումն ազդում է պարենի, գազի գնի բարձրացումը՝  պարարտանյութերի շուկայի վրա։ Մինչև պատերազմը համաշխարհային շուկա մատակարարվող պարարտանյութերի մեկ երրորդը Պարսից ծոցի երկրներից էր։ Հորմուզի նեղուցի փակումը հատկապես ծանր հետևանքներ կարող է ունենալ զարգացող երկրների համար, որոնք մեծապես կախված են այդ մատակարարումներից»։

Տնտեսագետները շեշտում են, որ էներգակիրների թանկացումը սովորաբար շղթայական ազդեցություն է ունենում ամբողջ տնտեսության վրա։ Այն արագացնում է գնաճը, ինչի հետևանքով բարձրանում են վարկերի տոկոսադրույքները, նվազում են ներդրումները և սպառումը, դա էլ հանգեցնում է տնտեսական աճի դանդաղման։

Որոշ վերլուծաբանների կարծիքով՝  իրավիճակը դեռ չի հասել իրական «նավթային շոկի» մակարդակի։ Այսպես են բնորոշվում անցյալ դարի նավթային ճգնաժամերը, մասնավորապես 1973-ինն ու 1979-ինը, երբ Մերձավոր Արևելքում պատերազմների պատճառով նավթի գները կտրուկ աճեցին և լուրջ հարված հասցրին համաշխարհային տնտեսությանը։ Այդ մասին BBC-ի հետ զրույցում հիշեցրել է  նավթագազային վերլուծաբան Ջոն Քեմփը.

«Նավթային նախորդ ճգնաժամերի ժամանակ գները շատ ավելի բարձր էին, իսկ առաջատար տնտեսությունները՝ նավթից ավելի կախված, քան այսօր։ Նման տնտեսական անկում առաջացնելու համար նավթի գները պետք է բարձրանան ևս մոտ 40–50 դոլարով»։

ՄԱԿ փորձագետները կարծում են, որ պատերազմի տնտեսական հետևանքների իրական չափն այս պահին լիարժեքորեն գնահատել հնարավոր չէ։ Տնտեսական վնասը թե՛ տարածաշրջանի, թե՛ ամբողջ աշխարհի համար կախված կլինի ընթացող պատերազմի տևողությունից և ինտենսիվությունից՝ եզրափակել են մասնագետները։

Leave a Comment