Պետական քաղաքականությունն ուղղված է տարբեր ոլորտներում կանանց դերակատարության ընդլայնմանը. ԱԳ փոխնախարար




 


Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է մոնիթորինգային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խմբի անդամներին։ 


 


Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում կանանց իրավունքներին առնչվող քաղաքականությունն ու առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձել է գենդերային հավասարության ապահովման և կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության վերացմանն ուղղված նախաձեռնություններին և քայլերին:


 


Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացումն ինստիտուցիոնալացված է ազգային, տարածաշրջանային և համայնքային մակարդակներում։ Շեշտվել է, որ պետական քաղաքականությունն ուղղված է կյանքի տարբեր ոլորտներում կանանց դերակատարության ընդլայնմանը և ներկայացվածության բարձրացմանը, այդ թվում՝ որոշումների կայացման մակարդակում։


 


Անդրադառնալով «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի իրականացմանը` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ այն հաշվի է առնում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները  և որպես առաջնահերթություն անդրադառնում է նաև խաղաղության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին:


 


ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է նաև, որ Հայաստանը, ներդնելով մարդու իրավունքների ոլորտում հաշվետվողականության ազգային մեխանիզմը, միջազգային մոնիթորինգային մարմինների հետ համագործակցությունը դարձրել է ավելի համակարգված, բաց և թափանցիկ:


 


Leave a Comment