«ՀայԱրտի» այցեքարտը նրա ինքնատիպ ճարտարապետությունն է․ Սոնա Հարությունյան. «Վերնատուն»

«ՀայԱրտ» մշակութային կենտրոնն այսօր գտնվում է վերափոխման շրջանում․ վերանորոգման աշխատանքներից մինչև բովանդակային վերաիմաստավորում։ Թե ինչպես է կենտրոնը փոխվում ներսից ու դրսից և ինչ նոր շեշտադրումներ են արվում պարզաբանում է «ՀայԱրտ» կենտրոնի տնօրեն Սոնա Հարությունյանը։ Տարիներ շարունակ կառույցի ճարտարապետական ամբողջականությունը խաթարված է եղել։

Այսօր, կողմնակի պատերի քանդման արդյունքում, վերջապես վերականգնվել է ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Գևորգ Արամյանի սկզբնական մտահղացումը։ Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի խաչմերուկից այժմ հստակ երևում է շենքի թեթևությունն ու խորհրդանշական «օդում կախված» գլանները։ Տնօրենի խոսքով՝ քանդված պատերը, որոնք ժամանակին կառուցվել էին տարածքը երշիկի արտադրամասի վերածելու նպատակով, «զսպաշապիկ» էին կենտրոնի համար։ Դրանց հեռացմամբ ամբողջովին բացվել է գլխավոր մուտքն իր հանդիսավոր աստիճաններով, որոնք այցելուին ուղեկցում են դեպի ներս՝ հինգ գլանաձև սրահներ, ինչպես նաև վերականգնվել է անվտանգության ելքը։ Այս փոփոխությունները հնարավոր չէր լինի իրականացնել առանց քաղաքային իշխանությունների աջակցության, որն ուղղվել է նաև տանիքի հիմնանորոգմանը։

Տանիքի խնդիրը կենտրոնում եղել է հիմնադրման օրվանից՝ 1985 թվականից, ինչի պատճառով ցուցահանդեսներն այստեղ հնարավոր էր կազմակերպել միայն տարվա չոր եղանակներին։ Կենտրոնի միջազգային գործունեությունն արդեն իսկ նոր թափ է ստացել։ 2026 թվականը Երևանի և Լայպցիգի միջև հռչակվել է մշակութային տարի, որի շրջանակում, երկու քաղաքապետարանների աջակցությամբ, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հավաքածուի ընտրանին (շուրջ 150 աշխատանք) առաջին անգամ ներկայացվել է Գերմանիայում։

Սոնա Հարությունյանը շեշտում է, որ «ՀայԱրտի» այցեքարտը նախևառաջ նրա ինքնատիպ ճարտարապետությունն է և տեղակայումը քաղաքի սրտում, ինչն արվեստն առավել հասանելի է դարձնում հանրության համար։ ««ՀայԱրտում» մենք կարծում ենք պիտի իրականացվեն լայնածավալ միջազգային նախագծեր․ Արտ–էքսպո, արվեստի տոնավաճառներ, միջազգային բարձր վարկանիշ ունեցող արվեստագետների անհատական ցուցադրություններ, ներկայանալու հարթակ երիտասարդ հայ արվեստագետների համար»,– ասում է Սոնա Հարությունյանը։

Leave a Comment