Մի քանի երկրների նավեր Իրանի թույլտվությամբ անցել են Հորմուզի նեղուցով։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ երկրները Իրանի հետ համակարգմամբ են իրենց նավերն անցկացրել նեղուցով, ինչը, ըստ նրա, վկայում է Իրանի «պատասխանատու մոտեցման» մասին։
Բաղային նշել է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պարտադրված պատերազմի հետևանք է։ Նա նաև ընդգծել է, որ Իրանն իրավունք ունի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ազգային անվտանգության ապահովման և այս ջրային ուղու հնարավոր չարաշահումները կանխելու համար։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ պակիստանյան նավթատար լցանավը անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով, իսկ հնդկական NDTV հեռուստաալիքի տվյալներով՝ նեղուցով անցել են նաև հեղուկ բնական գազ տեղափոխող երկու հնդկական լցանավեր։