Բա չիմացաք. պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի օրոք և շնորհիվ Հայաստանն այնքան ինքնիշխան է, որ Ադրբեջանն, առանց մեր թույլտվությունը հարցնելու, օգտագործում է Հայաստանի օդային տարածքը, թռնում է մեր տների, տարածքների վրայով։ Այ այդքան ինքնիշխան է Հայաստանն այսօր Նիկոլի շնորհիվ, որ ով ուզում է՝ մտնում է, մեր տարածքով թռնում ու գալիս։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի՝ ավելի վաղ արած այն հայտարարությանը, որ Ադրբեջանն օգտագործում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» օդային տարածքը։
«Մի բան էլ չիմացաք. ինչպես և զգուշացնում էինք, Ալիևի համար ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման հարցը, նայած որ ոտքից է արթնացել այդ օրը, այդպիսի թեմա է։ Մի օր կուզի՝ կճանաչի, մյուս օրը կուզի՝ չի ճանաչի։ Կասի՝ այսօր ճանաչում եմ, բայց փաստ չի, որ 6 ամիս հետո կրկին ճանաչելու եմ։
Եվ քանի Նիկոլը կա, Ալիևն այս թեման օգտագործելու է Հայաստանի վրա մշտական ճնշումներ գործադրելու և հերթական զիջումները պոկելու համար՝ ճիշտ այնպես, ինչպես այսօր անում են՝ Սահմանադրության հետ կապված։
Այսօր արդարադատության տիկին նախարարը հայտարարեց, որ պատրաստ է Սահմանադրության նախագիծը, որից, Նիկոլի խոստովանությամբ, դուրս է գալու Անկախության հռչակագրին հղումը։
Արդյոք այսպիսի պետություն ենք մենք ուզում, այսպիսի խաղաղություն և ինքնիշխանություն ենք մենք ուզում . վստահ եմ՝ ոչ»,- ասաց Արմեն Աշոտյանը։