Կալլասը հույս ունի համոզել Հունգարիային պահպանել Ուկրաինայի վերաբերյալ պայմանավորվածությունները

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հույս է հայտնել, որ մարտի 19-20-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովում երկրները կկարողանան համոզել Հունգարիային «հետևել Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի վերաբերյալ պայմանավորվածություններին»։

«Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը աշխատում են այս հարցի շուրջ։ Այս շաբաթվա վերջում մենք նաև ԵՄ գագաթնաժողով կունենանք։ Այնպես որ, հուսով եմ՝ մենք կստիպենք Հունգարիային հետևել պայմանավորվածություններին»,- ասել է Կալլասը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ։

Ուկրաինան հունվարի 27-ին դադարեցրել է Ուկրաինայի տարածքով դեպի Սլովակիա և Հունգարիա ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարի միջոցով՝ պատճառաբանելով խողովակաշարի վնասը։ Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումը Ուկրաինա, ապա արգելափակել Եվրամիության կողմից Կիևին տրամադրվող 90 միլիարդ եվրո վարկը մինչև ռուսական նավթի տարանցման վերսկսումը։ Սա արվել է ի պատասխան Կիևի ռեժիմի շանտաժի, որը քաղաքական պատճառներով հրաժարվում է վերսկսել ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով։

Leave a Comment