Դատախազների ատեստավորում․ իրավական կարգավորումները և ընթացակարգը

Iravaban.net–ը ներկայացնում է «Դատախազության մասին» օրենքի 50-րդ հոդվածով սահմանված դատախազի ատեստավորման կարգը։

Ի՞նչ է ատեստավորումը

Դատախազների ատեստավորումը իրականացվում է՝

  • նրանց մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների և աշխատանքի արդյունավետության գնահատման համար,
  • ինչպես նաև ծառայողական առաջխաղացման նպատակով:

Այս գործընթացը ապահովում է, որ դատախազները համապատասխանեն զբաղեցրած պաշտոնին և հնարավորություն ունենան զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները:

Ատեստավորման ժամանակացույց

  • Ատեստավորումը անցկացվում է յուրաքանչյուր 3 տարին մեկ:
  • Դատախազը, որը առաջին անգամ է զբաղեցնում պաշտոնը, անցնում է ատեստավորում պաշտոնում նշանակվելուց 3 տարի հետո։
  • Արտահերթ ատեստավորում կարող է կազմակերպվել դատախազի ցանկությամբ կամ գլխավոր դատախազի հրամանով՝ իր պատճառաբանված որոշմամբ, սակայն ոչ շուտ, քան առնվազն 6 ամիս անց վերջին ատեստավորումից կամ պաշտոնի նշանակումից:

Ովքե՞ր ենթակա չեն ատեստավորման

Ատեստավորման ենթակա չեն ՝

  • Գլխավոր դատախազը և նրա տեղակալները:
  • գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, Երևան քաղաքի դատախազը, զինվորական դատախազի տեղակալը, Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազը, մարզի դատախազը, կայազորի զինվորական դատախազը, գլխավոր դատախազության ավագ դատախազը.
  • Հղի կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող դատախազներ, եթե նրանք չեն ցանկանում անցնել ատեստավորում:

Ատեստավորման հետաձգում

  • Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատախազները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո։
  • Եթե դատախազը ցանկություն է հայտնել, ատեստավորումը կարող է իրականացվել ավելի շուտ:
  • Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ դատախազները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
  • Դատախազի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունվում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում:

Ատեստավորման նախապատրաստական փուլ

  • Ատեստավորման ենթակա դատախազները մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
  • Առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական վերադաս դատախազը ներկայացնում է դատախազի գնահատագիրը, որը հիմնվում է անցած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վրա:
  • Դատախազն իրավունք ունի ծանոթանալ գնահատագրին և գրավոր անհամաձայնություն հայտնել:

Որակավորման հանձնաժողովի որոշումները

Որակավորման հանձնաժողովը ատեստավորման արդյունքներով կարող է որոշել, որ դատախազը՝

  • Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին:
  • Համապատասխանում է և ներառվում է ծառայողական առաջխաղացման ցուցակում:
  • Համապատասխանում է, բայց պահանջվում է լրացուցիչ վերապատրաստում:
  • Համապատասխանում է և միջնորդում է արտահերթ դասային աստիճան շնորհելու համար:
  • Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և միջնորդվում է ցածր պաշտոնի տեղափոխում:
  • Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և միջնորդվում է պաշտոնից ազատում:
  • Դատախազը կարող է ծանոթանալ որոշմանը և բողոքարկել այն գլխավոր դատախազին՝ 3 օրվա ընթացքում:
  • Գլխավոր դատախազը բողոքը լուծում է 5 օրվա ընթացքում:
  • Եթե բողոքը բավարարվում է, դատախազը կրկին անցնում է ատեստավորում 3 օրվա ընթացքում։
  • Եթե բողոքը մերժվում է, այդ որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով։

Ատեստավորման  արդյունքներ

  • Որակավորման հանձնաժողովի որոշումները և դատախազի ատեստավորման արդյունքները փոխանցվում են գլխավոր դատախազին:
  • Բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը հաշվի է առնվում դատախազին նշանակելիս:
  • Ատեստավորման ընթացակարգը և կարգը սահմանվում է գլխավոր դատախազի կողմից:

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Leave a Comment