16 մարտի 2026 – 14:23 AMT
PanARMENIAN.Net – Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգն ապրիլի 14-ին առաջին անգամ ելույթ կունենա Երևանում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված գալա համերգին։
Դաշնակահարը մեկնաբանել է իր առաջիկա այցը Հայաստան․ «Ես շատ երջանիկ եմ առաջին անգամ ելույթ ունենալ Հայաստանում: Միշտ հիացել եմ այս երկրի հարուստ երաժշտական ժառանգությամբ, և ինձ համար մեծ նշանակություն ունի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը հայ հանդիսատեսին ներկայացնելը. այս երաժշտությունն այնքան մեծ զգացմունքայնություն ու հոգի ունի։ Ես անհամբեր սպասում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ այն կատարելու հնարավորությանը: Զգում եմ, որ սա հենց այն ստեղծագործությունն է, որը պետք է հնչեր առաջին այցելության ժամանակ», հայտնել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից:
Համերգը կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, դիրիժորը լինելու է Սերգեյ Սմբատյանը։
Համերգը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Լանգ Լանգը մշտապես համագործակցել է աշխարհի առաջատար նվագախմբերի և դիրիժորների հետ և մասնակցել է համաշխարհային նշանակության բազմաթիվ միջոցառումների, այդ թվում՝ այս տարի անցկացված ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։
2009 թվականին Time ամսագիրը Լանգ Լանգին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։ Նա նաև Lang Lang International Music Foundation-ի հիմնադիրն է, որը նպաստել է երիտասարդ տաղանդների բացահայտմանը և երաժշտական կրթության զարգացմանը։