Սահմանադրական բարեփոխումների խորհրդի մշակած տեքստն արդեն պատրաստ է, սակայն դրա հրապարակման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։ Այս մասին արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ նախագիծը նախ կքննարկվի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում և կուսակցության վարչությունում, որից հետո կորոշվի դրա հրապարակման հարցը։
Գալյանը նշել է, որ կառավարման պառլամենտական մոդելը չի փոխվելու, սակայն առաջարկվում են փոփոխություններ՝ իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունն ուժեղացնելու համար։ Նախատեսվում է նաև ընդլայնել մարդու իրավունքների պաշտպանությունը, ներդնել երդվյալների ինստիտուտի հնարավորություն և փոփոխություններ կատարել դատական ու դատախազական համակարգերում։