Ֆոգելը ներկայացրել է Վենսի հայաստանյան այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները

Ֆոգելը ներկայացրել է Վենսի հայաստանյան այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները

16 մարտի 2026 – 11:58 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ առևտրի քարտուղարի տեղակալ, Միացյալ Նահանգների և արտաքին առևտրային ծառայության՝ միջազգային առևտրի ադմինիստրացիայի (ITA) հարցերով գլխավոր տնօրեն Դեյվիդ Ֆոգելն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:

Ամերիկյան կառավարության պաշտոնական կայքում Ֆոգելն ընդգծել է, որ պատրաստ են համագործակցել արդյունաբերության ոլորտի գործընկերների հետ՝ առևտրի և ներդրումների խթանման նպատակով։

«…Հիմնվելով փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարած վերջին այցի վրա՝ Առևտրի նախարարությունը կշարունակի համագործակցել արդյունաբերության և տարածաշրջանային գործընկերների հետ՝ աջակցելու փոխշահավետ առևտրի և ներդրումային հնարավորությունների զարգացմանն ամբողջ տարածաշրջանում»,-ասվում է հրապարակման մեջ:

Նույն հարթակում հրապարակվել է նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի մեկնաբանությունը։

«2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփը միջնորդեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատմանը՝ ներկայացնելով Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին (TRIPP)՝ որպես Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մաս։ Այս կարևոր նախաձեռնությունը բացում է հաղորդակցության, առևտրի և փոխկապակցվածության նոր ուղիներ՝ նպաստելով կայունությանը, աճին և բարգավաճմանն ամբողջ Հարավային Կովկասում և դրանից դուրս՝ դեպի Կենտրոնական Ասիա և Եվրոպա։ Փոխնախագահ Վենսի՝ 2026 թվականի փետրվարին կատարած այցն առաջ մղեց TRIPP-ի իրականացման գործընթացը և պայմանավորվածությունները արհեստական բանականության, կիսահաղորդիչների, էներգետիկայի, պաշտպանության և կարողությունների զարգացման ոլորտներում՝ ներկայացնելով բազմամիլիարդ դոլարների նախագծեր արհեստական բանականության և միջուկային էներգետիկայի ոլորտներում։ Քանի որ Հայաստանն արագորեն ձևավորվում է որպես արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոն և ԱՄՆ-ի կարևոր գործընկեր, TRIPP-ը տարածաշրջանը դիրքավորում է տնտեսական բարգավաճման, նորարարության և աննախադեպ հնարավորությունների առաջնագծում»,-ասվում է հաղորդագրությունում։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ բացելով լայն հնարավորություններ խոշոր ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է, որ դա ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած 4 միլիարդ դոլարի աջակցություն վառելիքի և սպասարկման միջոցով:

Leave a Comment