
Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերը հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել երկրի դեմ իրականացված օդային հարձակումը։
Զինվորականների հաղորդմամբ՝ տեղական ժամանակով մոտ ժամը 9:00-ին հակաօդային պաշտպանության համակարգերն արձագանքել են Իրանի կողմից արձակված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքին։ ԱՄԷ-ի իշխանությունների տվյալներով՝ երկրում լսված պայթյունները կապված են եղել այդ թիրախների ոչնչացման հետ։
Պայթյունները հնչել են նաև այն ժամանակ, երբ Դուբայի միջազգային օդանավակայանի տարածքում հրդեհ էր բռնկվել անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո։
Դուբայի ազգային ավիափոխադրող «Էմիրեյթս»-ը հայտարարել է, որ տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ից հետո օդանավակայանից կվերսկսվեն սահմանափակ թվով թռիչքներ, սակայն մի շարք չվերթներ կչեղարկվեն։
Դուբայի միջազգային օդանավակայանը հանդիսանում է խոշոր տրանսպորտային հանգույց և միջազգային ուղևորների քանակով աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանը․ միայն անցյալ տարի այն սպասարկել է մոտ 90 միլիոն ուղևորի։