2026 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը դարձել է Փոլ Թոմաս Անդերսոնի «Մարտ առ մարտ» ֆիլմը, որը արժանացել է վեց մրցանակի, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։
«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Մայքլ Բ. Ջորդանը՝ «Մեղավորներ» ֆիլմում իր դերակատարման համար, իսկ «Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Ջեսի Բաքլին՝ «Համնեթ» ֆիլմում խաղացած դերի համար։ «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին արժանացել է «Պարոն Ոչ ոք ընդդեմ Պուտինի» ֆիլմը, որը պատմում է ռուսական դպրոցներում տարածվող պատերազմական քարոզչության մասին։
Դեռևս հունվարի վերջին, երբ հայտարարվեցին անվանակարգերը, ակնհայտ էր, որ գլխավոր մրցակցությունը ծավալվելու է «Մեղավորներ» և «Մարտ առ մարտ» ֆիլմերի միջև։ «Մեղավորներ»-ը ներկայացվել էր 16, իսկ «Մարտ առ մարտ»-ը 13 անվանակարգերում։

Վերջնական արդյունքներով «Մարտ առ մարտ» ֆիլմը ստացել է 6 «Օսկար», այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում, իսկ «Մեղավորներ»-ը` 4, այդ թվում՝ «Լավագույն դերասան» անվանակարգում։
Փոլ Թոմաս Անդերսոնը մինչ այս տարի 14 անգամ առաջադրվել էր «Օսկար»-ի, սակայն երբեք չէր հաղթել։ Նա հանդիսանում է «Բուգիի գիշերները», «Մագնոլիա» և «Արյուն կլինի» ֆիլմերի ռեժիսորը, որոնք արժանացել են քննադատների բարձր գնահատականին և բազմաթիվ միջազգային մրցանակների։
Այս տարի Անդերսոնը միանգամից երկու մրցանակ է ստացել՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում՝ «Մարտ առ մարտ» ֆիլմի համար։
Ֆիլմը պատմում է գաղափարների ճգնաժամի մասին՝ ներկայացնելով ձախակողմյան արմատական ակտիվիստի և ռմբակոծիչի (Լեոնարդո ԴիԿապրիո) ու ռասիստ գնդապետի (Շոն Փեն) միջև բախումը։ Քննադատները ֆիլմը հաճախ համեմատում են Անդերսոնի մեկ այլ հայտնի աշխատանքի՝ «Արյուն կլինի» ֆիլմի հետ, որի համար նա նախկինում ևս առաջադրվել էր «Օսկար»-ի, սակայն չէր հաղթել։
Բացի «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» մրցանակներից, «Մարտ առ մարտ» ֆիլմը հաղթել է նաև «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն դերասանական կազմ» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։
Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում հաղթել է Շոն Փենը։ Սա նրա երրորդ «Օսկար»-ն է․ նախկինում նա մրցանակ է ստացել «Խորհրդավոր գետ» (2003) և «Կաթ» ֆիլմերի համար։