
Ուկրաինայում խաղաղության բանակցությունները ձգձգվել, քանի որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ուշադրությունը կենտրոնացրել է Իրանի պատերազմի վրա, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին: Ռուսաստանի վրա խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ճնշումը նույնպես նվազում է։
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ վերջին եռակողմ խաղաղության բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի կեսերին Ժնևում և հանգեցրել են արդյունքների վերաբերյալ չափազանց սահմանափակ հայտարարությունների։
Հանդիպումից հետո կողմերն առաջընթաց են գրանցել հրադադարի տեխնիկական մանրամասների քննարկման հարցում՝ թե ինչ է տեղի ունենալու մարտերի դադարեցումից հետո, բայց քիչ առաջընթաց են գրանցել քաղաքական հարցերի, այսինքն՝ այն պայմանների հարցում, որոնց դեպքում պատերազմը կարող է ավարտվել։
Ռուսաստանը շարունակում է պահանջել ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնբասի ամբողջ շրջանից, ինչը Ուկրաինան շարունակում է անընդունելի համարել: Հարցականի տակ է նաև Զապորոժյեի ատոմակայանի կարգավիճակը, որը մնում է Ռուսաստանի վերահսկողության տակ։
Եռակողմ բանակցությունների նոր փուլը հետաձգվել է Մերձավոր Արևելքում նոր պատերազմի պատճառով, մինչդեռ նախագահ Թրամփը, իր հերթին, իր ուշադրությունը շեղել է Ուկրաինայից դեպի Իրան, Financial Times-ին ասել են չորս եվրոպացի դիվանագետներ։ «Սա աղետ է և՛ մեզ համար [Եվրոպայի], և՛ Ուկրաինայի համար», – հավելել է նրանցից մեկը։
«Բանակցություններում իսկապես դադար է եղել։ Ամերիկացիներն այլ առաջնահերթություններ ունեն, և դա հասկանալի է», – թերթին հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԱՄՆ-ից Ուկրաինա զենքի, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները նույնպես հետաձգվում են, քանի որ Վաշինգթոնն այժմ այլ առաջնահերթություններ ունի։
Ըստ էության, Ուկրաինան և Մերձավոր Արևելքի երկրներն այժմ ստիպված են մրցակցել ամերիկյան օգնության համար, FT-ին բացատրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։