Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շահագրգիռ երկրների հետ քննարկել Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման հարցը։ Նրա խոսքով՝ Իրանը բաց է այն երկրների համար, որոնք ցանկանում են քննարկել նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը։
Արաղչին CBS ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Իրանի հարձակումներից հետո նավերի վրա Հորմուզի նեղուցում երթևեկությունը գործնականում դադարեցվել է, և մի շարք երկրներ արդեն դիմել են Թեհրանին՝ անվտանգ անցում ապահովելու հարցով։
Արաղչին նաև հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները ներկայումս վնասված են և գտնվում են փլատակների տակ, իսկ դրանց վերականգնման վերաբերյալ այս պահին որևէ ծրագիր կամ պլան չկա։
Նրա խոսքով՝ Իրանը ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում առաջարկել էր հարստացված ուրանը նոսրացնել մինչև ավելի ցածր մակարդակ՝ ընդգծելով, որ դա լուրջ զիջում էր Թեհրանի կողմից։ Սակայն ներկայիս հակամարտությունը փոխել է իրավիճակը, և այժմ որևէ առաջարկ բանակցությունների սեղանին չկա։
Միևնույն ժամանակ Արաղչին ընդգծել է, որ Իրանը երբեք չի խնդրել հրադադար և նույնիսկ չի դիմել բանակցությունների համար։ Նրա խոսքով՝ Իրանը չի տեսնում ԱՄՆ-ի հետ բանակցելու պատճառ, քանի որ, ինչպես նշել է նա, Թեհրանը բանակցում էր Վաշինգտոնի հետ այն պահին, երբ ԱՄՆ-ն որոշեց հարվածներ հասցնել Իրանին։
«Այս պատերազմը ԱՄՆ նախագահի և Միացյալ Նահանգների ընտրությունն է, և մենք շարունակելու ենք պաշտպանվել»,-հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։