Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 144-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև Հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Հանրապետության նախագահի պաշտոնանկությունը
- Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար:
- Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան:
- Ազգային ժողովը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինությունը
Հանրապետության նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Սահմանադրական դատարանը Կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին:
Հանրապետության նախագահի հրաժարականը
Հանրապետության նախագահը իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից:
Հանրապետության նախագահի հրաժարականի և լիազորությունների ժամանակավոր կատարման նախադեպային և դեռևս միակ դեպքը գրանցվել 2022 թվականին։ Հունվարի 23-ին ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել էր հրաժարականի դիմում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի մեկին ստորագրել էր նրա հրաժարականի դիմումը և ժամանակավորապես ստանձնել Հանրապետության նախագահի լիազորությունները։